Գիտխորհրդի նիստ 27.01.2022
Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ օրակարգի միաձայն հաստատմամբ: Հիմնադրամի 2022թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը գիտխորհրդին ներկայացրեց ՖՌԿ բաժնի պետ Ա. Մոսինյանը: Քննարկումների, առաջարկությունների ու հարցուպատասխանի արդյունքում զեկուցումն ընդունվեց ի գիտություն:
Օրակարգի հաջորդ հարցով բուհի իրավաբան Մ. Սիմոնյանը հաստատման առաջարկեց մի քանի կարգեր: Գիտխորհրդի անդամներից Ա. Սանթոյանը, Հ. Պապոյանը, Գ. Խաչատրյանը և Ֆ. Մովսիսյանը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման կանոնակարգի վերաբերյալ ելույթներ ունեցան: Գ. Խաչատրյանը գիտխորհրդին առաջարկեց կանոնակարգի հաստատումը քվեարկության չդնել՝ ժամանակավրեպ լինելու պատճառով:
Ռեկտոր Ռ. Սահակյանը գիտխորհրդի քվեարկությանն առաջարկեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման կանոնակարգը, ինչը չընդունվեց:
Գիտական խմբերի ստեղծման և նրանց աշխատանքների խթանման կանոնակարգը,
դպրոցականների օլիմպիադաների անցկացման կանոնակարգը /փոփոխված/,
ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգը /փոփոխված/, գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի կանոնակարգը /փոփոխված/, ECTS հենքով կրթական ծրագրերի և մասնագիտությունների ուսումնական պլանների մշակման, հաստատման, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգը /փոփոխված/,
կրթական ծրագրերում ընդգրկված կամընտրական դասընթացների ընտրության կարգը /փոփոխված/, ակադեմիական կրեդիտների կուտակման եվ փոխանցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնակարգը /փոփոխված/ հաստատվեցին խորհրդի կողմից:
Նիստի ավարտին ձևավորվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման և խթանման կանոնակարգի մշակման հանձնաժողովը:
Սեփ. լրատվություն