Հիմնական տեղեկություններ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կրկնակի դիպլոմ» ծրագիրը 2016 թ. մեկնարկած մագիստրոսական կրկնակի աստիճանաշնորհման ծրագիր է, որը գործում է Վանաձորի պետական համալսարանի և Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանի (Լեհաստան) միջև կնքված երկկողմանի համաձայնագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ստացել են բակալավրի աստիճան բանասիրության, պատմության կամ արվեստի ոլորտներում և ներկայումս մագիստրոսական աստիճանավորման կրթություն են ստանում ՎՊՀ-ի կամ Ադամ Միցկևիչի համալսարանի նշված բաժիններում: Կրկնակի աստիճանաշնորհման ծրագրի շրջանակներում ՎՊՀ-ի մագիստրատուրայի ընտրված ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ տարի ուսումնառելու Ադամ Միցկևիչի համալսարանի լեհերենի և դասական բանասիրության բաժնում, որից հետո նրանք շարունակում են ուսումնառության երկրորդ տարին ՎՊՀ-ի բանասիրության, պատմության կամ մանկավարժության ֆակուլտետներում: Երկու բուհերում մագիստրոսական ուսումնառության ամբողջ շրջանի բարեհաջող ավարտին ուսանողները ստանում են մագիստրոսական աստիճանաշնորհման երկու դիպլոմ՝ «Միջերկրածովյան ուսումնասիրությունների» մասնագիտացման դիպլոմ Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանի կողմից և համապատասխան մասնագիտացման մագիստրոսական կրթության դիպլոմ Վանաձորի պետական համալսարանի կողմից:

Մագիստրոսական կրկնակի աստիճանաշնորհման ծրագրի նպատակն է ապահովել որակյալ կրթություն՝ «Միջերկրածովյան ուսումնասիրություններ» մասնագիտացման մեջ ներհյուսելով բանասիրության, պատմության, մանկավարժության, մշակութաբանության, զբոսաշրջության, լրատվության և միջազգային հարաբերությունների ոլորտները: Ելնելով աճող հասարակական պահանջներից՝ ՎՊՀ-ն Ադամ միցկևիչի հետ համագործակցության շրջանակներում նպատակ ունի իրականացնել աշխատաշուկայի բոլոր պահանջներին համապատասխանող կրթական ծրագիր՝ տրամադրելով որակյալ, արդիական և մրցունակ մասնագիտական կրթություն:
Ծրագրի շրջանակներում կրթությունն ամբողջությամբ իրականացվում է անգլերենով, ուստի Կրկնակի աստիճանաշնորհման ծրագրին դիմող ուսանողների համար պարտադիր է անգլերենի՝ որպես օտար լեզվի գերազանց իմացությունը: AMU-PIE ծրագրի շրջանակներում ուսանողները կարող են ունենալ հավելյալ հնարավորություն Ադամ Միցկևիչի համալսարանում ներգրավվելու այլ օտար լեզուների (լեհերեն, գերմաներեն ևն.) ուսուցման դասընթացներին:
Մագիստրոսական կրկնակի աստիճանաշնորհման ծրագիրը կարևոր քայլ է ՎՊՀ-ի միջազգայնացման ռազմավարության, ժամանակակից, որակյալ և մրցունակ կրթության ապահովման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական փաթեթների թարմացման, դինամիկ և արդյունավետ միջազգային համագործակցության խթանման գործում: