Քայլարշավ-ֆլեշմոբ՝ նվիրված Ուսանողության միջազգային օրվան
Այս տարի Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նշվեց նոր ձևաչափով: Նոյեմբերի 17-ին ուսանողները ռեկտոր Ռուստամ Սահակյանի, քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչի, նույն ամբիոնի դասախոսների ուղեկցությամբ քայլարշավ իրականացրին դեպի Վանաձորի բուսաբանական այգի: Այստեղ Վանաձորի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս գ.գ.թ., դոցենտ Լիլյա Բայրամյանը, կենսաբանություն մասնագիտության մագիստարատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Կարինե Ղազարյանը հետաքրքիր էքսկուրսիա անցկացրեցին՝ ներկայացնելով այգու ստեղծման պատմությունը, հարուստ բուսականությունը՝ շեշտադրելով հատկապես հյուսիսային կիսագնդից բերված և վանաձորյան կլիմայական պայմաններին արդեն իսկ ադապտացված ծառատեսակների մասին:
ՎՊՀ-ի Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ նաև միջոցառում, որի սկզբում ներկաներին ողջունեց և Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Միջոցառումն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական համարներով՝ երգ, կիթառի և դուդուկի կատարումներ, շուրջպար՝ հայկական ավանդական քոչարի: Թեյախմության արարողությունը ևս նպատակային էր՝ մեկ գավաթ տաք թեյի շուրջ մտերմիկ զրույցի հրավիրել ուսանողությանը:
Դե իսկ Ուսանողության օրվան նվիրված քայլարշավ-միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ֆլեշմոբով. հեռակառավարվող տեսախցիկը ֆիքսեց հիշարժան լուսանկար, որում ուսանողները կերտեցին ՎՊՀ հապավումը: Այս լուսանկարն իր մեջ կամփոփի տոնական օրվա բոլոր դրական հույզերը և կմնա համալսարանի պատմության լուսավոր էջերում: Չէ՞ որ տոնի խորհուրդն է ուսանողներին մղել հիշարժան դարձնելու ուսանողական տարիները, ինչպես նաև գիտակցելու ուսանողության շարժիչ ուժը:
Հասարակության մեջ ուսանողների դերն օր օրի կարևորվում է. ուսանողությունը հենց այն օղակն է, որը պատրաստ է պայքարել, իրականացնել փոփոխություններ և առաջարկել միջոցներ, որոնք կնպաստեն մեր երկրի կայուն զարգացմանը: Այսօրվա ուսանողը ավելի հստակ է պատկերացնում իր տեղը հասարակության մեջ և ավելի ներգրավված է ինչպես գիտական, այնպես էլ՝ հասարակական աշխատանքներում: