Կայացավ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով գիտաժողովը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում մայիսի 15-ին կայացավ ՎՊՀ ՈՒԳԸ 12-րդ հանրապետական գիտական նստաշրջանը՝ «Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական ներուժի բացահայտում» խորագրով:
Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկավ համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը: Նա իր խոսքում կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը՝ ուսանողների գիտահետազոտական աշխատանքների խթանման և գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու տեսանկյունից:
Մասնակիցներին ողջունեց նաև ՎՊՀ ՈՒԳԸ նախագահ Լենա Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Գորիսի, Գավառի, Արցախի պետական համալսարաններին, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, Հայ-ռուսական համալսարանին, Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիային՝ ուսանողական գիտաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Վանաձորի պետական համալսարանի ուսանող Ալլա Ծատինյանը և Գավառի պետական համալսարանից Ռոզա Աբրահամյանը հանդես եկան զեկուցումներով, որին հաջորդեց աշխատանքը բաժանմունքներում: Թվով 69 ուսանողներ ներկայացան զեկուցումներով:
Զեկուցումներն ընթացան ինչպես առկա, այնպես էլ հեռակա ձևաչափով: Հատկանշական է, որ շրջափակման պայմաններում Արցախի պետական համալսարանի ուսանողները մեծ ակտիվությամբ հանդես եկան գիտաժողովին՝ ընդհանուր 24 զեկույցով:
Գիտաժողովի փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ստացան հավաստագրեր, հյուրերը՝ նաև խորհրդանշական նվերներ:
Օրվա ավարտին գիտաժողովի մասնակից ուսանողները համատեղ շրջայց կատարեցին Վանաձորում գտնվող Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում: