Թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված իրազեկման հանդիպում ՎՊՀ-ում

Նոյեմբերի 25-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Թրաֆիքինգի կանխարգելում» թեմայով իրազեկման հանդիպում, որը նախաձեռնել էր ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնը՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ոլորտի փորձագետներ Հասմիկ Էդիլյանն ու Վիկտորիա Ավակովան ուսանողներին ներկայացրին մարդկանց թրաֆիքինգի դրսևորումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով աշխատանքային և սեռական շահագործման դեպքերին։

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց շահագործման նպատակով մարդկանց հավաքագրման մեթոդներին, հարկադիր կամ պարտադիր աշխատանքի ներգրավելու եղանակներին, ինչպես նաև թրաֆիքինգի հնարավոր վտանգների մասին վկայող հիմնական ցուցիչներին։ Բանախոսները ներկայացրին, թե ինչպիսի իրավիճակներում կարող են աշխատանքային առաջարկները թաքցնել շահագործման վտանգ, ինչ հանգամանքների պետք է ուշադրություն դարձնել աշխատանքի ընդունվելիս և ինչպես տարբերակել օրինական աշխատանքային հարաբերությունները շահագործումից։

Առանձնահատուկ ընդգծվեց, որ աղքատությունը, գործազրկությունը, գենդերային անհավասարությունը, կրթության սահմանափակ հասանելիությունն ու սոցիալական այլ խնդիրները կարող են մեծացնել մարդկանց՝ թրաֆիքինգի զոհ դառնալու խոցելիությունը։ Կարևորվեց նաև իրազեկվածության դերը՝ որպես նման դեպքերի կանխարգելման և հնարավոր վտանգները ժամանակին ճանաչելու կարևոր միջոց։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում․ ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, պարզաբանումներ ստանալու փորձագետներից և քննարկելու ոլորտին առնչվող տարբեր իրավիճակներ։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կասկածելի աշխատանքային առաջարկների կամ շահագործման հնարավոր դեպքերի հանդիպելիս։

Previous Article
Next Article