ՎՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակի կապակցությամբ ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները բուհերում հանդիպումներ են անցկացնում ուսանողների հետ՝ ներկայացնելով քրեակատարողական համակարգի գործունեությունը, դրա հիմնական ուղղություններն ու ծառայության առանձնահատկությունները:

Նոյեմբերի 25-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի միջնորդությամբ, տեղի ունեցավ հանդիպում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը՝ կարևորելով նման նախաձեռնությունները ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնման, գործնական փորձի ձեռքբերման և ոլորտի ներկայացուցիչների հետ անմիջական շփման տեսանկյունից։

Այնուհետև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վահե Ղազարյանը և գլխավոր սոցիալական աշխատակից Արտավազդ Մանուկյանը ներկայացրին քրեակատարողական ծառայության գործունեության առանձնահատկությունները, հիմնարկներում իրականացվող աշխատանքները և վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։

Բանախոսներն անդրադարձան քրեակատարողական համակարգի զարգացմանը, դրա նկատմամբ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի վերանայման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ ժամանակակից քրեակատարողական համակարգի գործունեությունը չի սահմանափակվում միայն պատժի իրականացմամբ։ Այն ներառում է նաև անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, նրանց հոգեբանական աջակցություն և հասարակություն վերադառնալուն նպաստող գործընթացներ։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությանը՝ որպես անձի հետ տարվող աշխատանքի և նրա վերաինտեգրման առանցքային բաղադրիչի։ Նշվեց, որ յուրաքանչյուր անձի հետ անհատական աշխատանքը, հոգեբանական խնդիրների բացահայտումն ու համապատասխան աջակցությունը կարևոր նշանակություն ունեն ինչպես նրա անձնական վերափոխման, այնպես էլ հետագա սոցիալական հարմարման համար։

Հանդիպումն անցավ ակտիվ և անմիջական հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողները հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված թեմաների նկատմամբ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ փորձելով առավել խորությամբ հասկանալ քրեակատարողական ծառայության աշխատանքային առանձնահատկությունները, մասնագիտական մարտահրավերներն ու անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքի նրբությունները։ Բանախոսները պատասխանեցին հարցերին՝ ներկայացնելով նաև իրենց մասնագիտական փորձից օրինակներ։

Հանդիպման ավարտին մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ քննարկեց ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման և հետագա աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցեր՝ կարևորելով բուհի և ոլորտի կառույցների միջև համագործակցության զարգացումն ու ուսանողների մասնագիտական կայացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։

Նման հանդիպումները նպաստում են ուսանողների մասնագիտական պատկերացումների ընդլայնմանը, տեսական գիտելիքների ամրապնդմանը, ինչպես նաև քրեակատարողական համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Previous Article