ՎՊՀ-ի և Լոռու զբոսաշրջության կառավարման գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Նոյեմբերի 24-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և «Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին ՎՊՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը և կազմակերպության գործադիր տնօրեն, գ․գ․թ․ Տաթևիկ Հովսեփյանը։

Համագործակցության նպատակն է ամրապնդել կրթության և զբոսաշրջության ոլորտների միջև կապը՝ համատեղ նախաձեռնությունների միջոցով նպաստելով ուսանողների մասնագիտական կարողությունների, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացմանը, գործնական փորձի ձեռքբերմանը և զբոսաշրջության ոլորտում նրանց ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը։

Ողջունելով համագործակցության մեկնարկը՝ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը կարևորեց համալսարանի և հասարակական կազմակերպության միջև գործընկերության զարգացումը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունները հնարավորություն են տալիս ուսանողներին տեսական գիտելիքները համադրել գործնական փորձի հետ և ավելի պատրաստված մուտք գործել մասնագիտական գործունեություն։

Հուշագրի ստորագրումից հետո ՀԿ-ի գործադիր տնօրեն, գ․գ․թ․ Տաթևիկ Հովսեփյանը, հանրային կապերի մասնագետ Լուսինե Գրիգորյանը,  ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Հրայր Պապոյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ. Վիկտորյա Հարությունյանը և միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Գոհար Դոխոլյանը քննարկեցին առաջիկա համագործակցության ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հետագա անելիքները։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու գործընկերությունը՝ համատեղ կրթական և գործնական նախաձեռնությունների միջոցով նպաստելով ուսանողների մասնագիտական կայացմանը, ինչպես նաև Լոռու մարզի զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

Previous Article