Միջազգային համագործակցությունների նոր ուղղություններ ՎՊՀ-ում
Նոյեմբերի 15-18-ը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանն աշխատանքային այցով եղել է Գերմանիայի Դարմշտադտ քաղաքում՝ Հեսսենի կիրառական գիտությունների համալսարանում (Hochschule Darmstadt)։
Այցի շրջանակում Արմեն Ծատուրյանը հանդիպել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, դոկտոր Ուվե Բեքերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բուհերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության խթանման, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2027 թվականի հունիսի 7-11-ը Դարմշտադտում անցկացնելու ՎՊՀ ուսանողների ամառային գիտական ճամբարը։ Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների մասնագիտական պրակտիկայի և վերապատրաստման կազմակերպման, ինչպես նաև բնագիտական ուղղվածության դասախոսների միջև մասնագիտական կապերի հաստատման և փորձի փոխանակման հնարավորություններին։
Միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և համալսարանի էկոնոմիկայի և իրավունքի կառավարման ամբիոնի դոցենտ, ա.գ.թ. Սասուն Բաղդասարյանը մասնակցել են «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կազմակերպված GREENET բրոքերային գործընկերների որոնման միջոցառմանը։
Միջոցառումն ուղղված էր «Հորիզոն Եվրոպա» ծրագրի 2027 թվականի «Կլիմա, էներգետիկա և շարժունություն» (Cluster 5) ուղղությամբ միջազգային գիտահետազոտական համագործակցությունների ձևավորմանը։ Այն մասնակիցներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց փորձն ու ծրագրային գաղափարները, գտնելու միջազգային գործընկերներ, ձևավորելու համագործակցային խմբեր և քննարկելու համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Բացման պլենար նիստը վարել է CINEA-ի «Կանաչ հետազոտություններ և նորարարություն» ստորաբաժանման ղեկավար Մաթիաս Լանգեմայերը։ Նիստը մեկնարկել է DG RTD-ի տնօրեն Կշիշտոֆ Կուիկի ողջույնի խոսքով՝ Կլաստեր 5-ի բոլոր համանախագահ տնօրենների անունից։ Այնուհետև CINEA-ի ներկայացուցիչները կիսվել են հաջողված հայտերի պատրաստման լավագույն փորձով, որից հետո անդրադարձ է կատարվել 2027 թվականի մրցութային հայտարարությունների թեմաներին՝ էներգետիկ համակարգեր, մարտկոցներ և տրանսպորտի տարբեր ուղղություններ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Արմեն Ծատուրյանի և Սասուն Բաղդասարյանի մշակած նախագծային գաղափարը, որը հնարավորություն է տվել միջազգային մասնագիտական հարթակում ներկայացնելու համալսարանի գիտական հետաքրքրություններն ու հետազոտական նախաձեռնությունները։
Վանաձորի պետական համալսարանն այժմ հետևողական աշխատանքներ է իրականացնում ներկայացված նախագծային գաղափարի զարգացման և դրա իրագործման ուղղությամբ։ Այդ աշխատանքը ներառում է համապատասխան մրցութային հայտարարությունների թեմաների ընտրություն, գործընկեր բուհերի և կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում, ինչպես նաև համալսարանի գիտական ներուժին և տարածաշրջանի կարիքներին համապատասխան նախագծային առաջարկների մշակում։
Գերմանիայում և Բելգիայում կայացած հանդիպումներն ու քննարկումները կարևոր քայլ են ՎՊՀ միջազգային կապերի ամրապնդման, ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության ընդլայնման, ինչպես նաև եվրոպական կրթական և գիտական ծրագրերում համալսարանի ներգրավվածության զարգացման ուղղությամբ։







