ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը մասնակցել է Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում կազմակերպված վերապատրաստմանը
ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մարիյա Բրուտյանը 2026 թ. հոկտեմբերի 26–30-ը Erasmus+ աշխատակազմի շարժունության ծրագրի շրջանակներում մասնակցել է Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում կազմակերպված վերապատրաստման ծրագրին։ Ծրագրի հիմնական նպատակն էր ծանոթանալ եվրոպական համալսարանների միջազգային համագործակցության, միջազգայնացման և կրթական գործընթացների կազմակերպման փորձին։
Վերապատրաստման ընթացքում Մարիյա Բրուտյանը հանդիպել է Ավեյրոյի համալսարանի միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավարության և աշխատակիցների հետ՝ ծանոթանալով գրասենյակի կառուցվածքին, գործունեության հիմնական ուղղություններին և միջազգային համագործակցության կազմակերպման մեխանիզմներին։ Կազմակերպվել են հանդիպումներ օտարերկրյա ուսանողների ներգրավման, ներգնա և արտագնա ակադեմիական շարժունության պատասխանատուների հետ։ Քննարկվել են ուսանողների և դասախոսների շարժունության կազմակերպման ընթացակարգերը, օտարերկրյա ուսանողների հավաքագրման և աջակցության մեխանիզմները։
Որպես ֆակուլտետի դեկան՝ Մարիյա Բրուտյանի համար վերապատրաստման կարևոր բաղադրիչ է եղել եվրոպական բուհերի կառավարման և միջազգայնացման փորձի ուսումնասիրությունը՝ այն ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի զարգացման առաջնահերթությունների հետ համադրելու նպատակով։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացրել միջազգային գործընկերային կապերի ընդլայնման, ուսանողների ու դասախոսների փոխադարձ ակադեմիական շարժունության խթանման հնարավորությունները։




