«Ստեղծագործում են ուսանողները». ստեղծագործական մտքի և երիտասարդական արվեստի տոն

 Հունիսի 15-ին Վանաձորի Լոֆթ ժամանցի կենտրոնում ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի «Կերպարվեստ» մասնագիտության 1–4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ստեղծագործում են ուսանողները» խորագիրը կրող տարեվերջյան ցուցահանդեսը։ Այն ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում անցկացվող արդեն երրորդ ցուցահանդեսն էր։

Ցուցադրությանը ներկայացված էին ուսանողների բազմաժանր և բազմաոճ ստեղծագործություններ, որոնք արտացոլում էին նրանց ստեղծագործական որոնումները, գեղարվեստական մտածողությունը, մասնագիտական աճն ու անհատական ձեռագիրը։ Ներկայացված աշխատանքների շարքում ընդգրկված էին գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ-կիրառական և այլ ուղղությունների ստեղծագործություններ, որոնք արժանացան այցելուների մեծ հետաքրքրությանը և բարձր գնահատականին։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի և գնահատանքի խոսքով ելույթ ունեցավ ՎՊՀ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան,   տ․ գ․ թ․, դոցենտ Հրայր Պապոյանը։ Նա կարևորեց նման նախաձեռնությունների դերը երիտասարդ արվեստագետների մասնագիտական կայացման գործում՝ բարձր գնահատելով ուսանողների ստեղծագործական ներուժն ու ներկայացված աշխատանքների գեղարվեստական արժեքը։

Բացման խոսքով ելույթ ունեցավ նաև արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Աննա Հովհաննիսյանը, որն ընդգծեց ուսանողների հետևողական աշխատանքի, ստեղծագործական որոնումների և ձեռքբերումների կարևորությունը՝ նշելով, որ նման ցուցահանդեսները լավագույն հարթակն են երիտասարդ արվեստագետների ինքնադրսևորման և հանրությանը ներկայանալու համար։

«Ստեղծագործում են ուսանողները» ցուցահանդեսը դարձավ արվեստի, ստեղծարար մտքի և երիտասարդական ներուժի գեղեցիկ տոն՝ միավորելով ուսանողներին, դասախոսներին և արվեստասեր հասարակությանը մեկ մշակութային հարթակում։

Վանաձորի Լոֆթ ժամանցի կենտրոնի հետ արդյունավետ համագործակցության համար համալսարանը հայտնում է իր խորին շնորհակալությունը՝ կարևորելով նման մշակութային նախաձեռնությունների շարունակական իրականացումը։

Previous Article