Սիրո տոնին նվիրված միջոցառում «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում
Փետրվարի 14-ին համալսարանում տոնական ու ջերմ մթնոլորտ էր տիրում։ Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որը համախմբել էր ուսանողներին, դասախոսներին և համալսարանի ողջ համայնքը։
Մշակույթի կենտրոնի ջանքերով բեմադրվել էր հետաքրքիր և խորհրդանշական ներկայացում։ Միջոցառումն ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, որոնք ստեղծում էին տոնական տրամադրություն։
Ներկայացումից հետո կարդացին գաղտնի նամակները՝ սիրո խոստովանությունները, որոնք ուսանողները նախօրոք գցել էին համալսարանի մուտքի մոտ դրված հատուկ արկղում։ Սիրո տոնին ընդառաջ Մշակույթի կենտրոնը նախապատրաստել էր արդեն ավանդական դարձած Սիրո խոստովանության արկղերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող էր անանուն կամ անվանական կերպով արտահայտել իր զգացմունքները։
Համալսարանի բակում տոնական մթնոլորտն ավելի էր թեժանում։ Բակում վառվեց Տյառընդառաջի ավանդական կրակը, որն իր շուրջ համախմբեց բոլորին։
Միջոցառմանը ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ով ևս մասնակցեց տոնական արարողությանը։ Բոլոր ներկաները վայելեցին տոնը, իսկ միջոցառման ավարտին նրանց բաժանվեցին աղի բլիթներ։


