Պորտուի համալսարանի աշխատակցուհի Կառլա Աուգուստոյի այցը Վանաձորի պետական համալսարան
2022 Թ․-ի հուլիսի 4-8-ը աշխատանքային այցով Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Պորտուի համալսարանի հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետի միջազգային բաժնի աշխատակցուհի Կառլա Աուգուստոն:
Հյուրը հանդիպումներ ունեցավ համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, բուհի ուսանողների հետ: Նա ներկայացրեց Պորտուի համալսարանը և տեղեկացրեց շարժունությամբ ուսումնառելու հնարավորությունների մասին՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրատուրայի կրթական ծրագրերով։
Դրա լավագույն ապացույցն այն է, որ շարժունության ծրագրով Պորտուի համալասարանում ուսումնառություն անցած 15 ուսանողներից 12-ը Վանաձորի պետական համալսարանի ուսանողներ են եղել, որոնց զգալի մասը ցուցաբերել է գերազանց առաջադիմություն: Պորտուգալիայից վերադարձած շրջանավարտները կիսվել են իրենց փորձով, տպավորություններով, կրթական ծրագրերում առկա տարբերություններով, ուսումնառության ընթացքում հանդիպած և հաղթահարած դժվարություններով:
Բուհի ֆակուլտետների դեկանների հետ հյուրը քննարկել է Պորտուի և Վանաձորի համալսարանների ակադեմիական, կրթական, միջազգային ծրագրերը, գնահատման կրեդիտային համակարգի տարբերությունները, ուսանողների և աշխատակազմի շարժունության հնարավորությունները:
Հետագա հանդիպումների ընթացքում Պորտուգալիայից ժամանած հյուրը կարևորեց համագործակցության ամրապնդումը Պորտուի և Վանաձորի համալսարանների միջև: Կառլա Աուգուստոն բուհից հեռացավ դրական տպավորություններով և համագործակցության նոր հեռանկարներով: