Միջազգային գիտական ճամբարի հերթական օրը ՎՊՀ-ում
Հուլիսի 8-ին միջազգային գիտական ճամբարի հերթական օրն անցկացվեց «Մշակութային ժառանգություն, կյանքի որակ և կայուն ապագա» խորագրի ներքո՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր երկրների մասնակիցներին մշակութային երկխոսության, ազգային ավանդույթների ու արժեքների ճանաչման շուրջ։
Օրվա առաջին հատվածը նվիրված էր մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման թեմաներին, որոնք ներկայացրին ուկրաինացի մասնակիցները.
Յ. Ֆիլիմեցը ներկայացրեց «Անդրկարպատիայի ժամանակակից և ավանդական միջոցառումներն ու փառատոները» թեման՝ անդրադառնալով տարածաշրջանի մշակութային կյանքի առանձնահատկություններին և տոնական ավանդույթներին:
Վ. Մալան ներկայացրեց «Սուրբծննդյան տոնակատարությունների ավանդույթները, առանձնահատկությունները և սովորույթները Անդրկարպատյայում» զեկույցը՝ բացահայտելով տոնի պատմամշակութային նշանակությունն ու տեղական յուրահատկությունները:
Մ. Մոշչակն իր «Անդրկարպատյան հարսանիքի ինքնատիպությունը՝ որպես ընտանեկան ավանդույթ և ծիսակարգ» թեմայով զեկույցում մանրամասնեց տարածաշրջանին բնորոշ հարսանեկան սովորույթներն ու դրանց պահպանման կարևորությունը:
Ծրագրի մշակութային հատվածն ուղեկցվեց ուկրաինական ազգային պարերի ուսուցմամբ:
Այնուհետև ստորագրվեց համագործակցության պայմանագիր Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Գերմանիայի Հեսսենի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի միջև։
Հեսսենի ավետարանչական համալսարանի ներկայացուցիչ Էլկե Շիմպֆը վարեց «Հանուն ապագա կայուն կյանքի» խորագրով սեմինար։
Բովանդակալից ու հետաքրքիր դասախոսություններով ելույթ ունեցան նաև ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Հարությունյանն անցկացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ «Սննդակարգի ազդեցությունը ուսանողների ֆիզիոլոգիական և առողջական ցուցանիշների վրա» թեմայով: Բանախոսն անդրադարձավ հավասարակշռված սննդակարգի կարևորությանը, ինչպես նաև ուսանողների սնման առանձնահատկություններին։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շուշան Քառյանը ներկայացրեց «Մարդկանց գունազգացողության առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն, որի գործնական հատվածում մասնակիցներն անցան մասնագիտացված գունային թեստեր, գնահատեցին սեփական գունային ընկալումն ու ծանոթացան գունազգացողության գնահատման ժամանակակից մեթոդներին։
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը ներկայացրեց «Կյանքի իմաստի և կյանքի ուժի մոդելների սոցիալ-մանկավարժական ներուժը» թեմայով դասախոսություն՝ վերլուծելով կյանքի իմաստի ձևավորման, անձի ներքին ռեսուրսների բացահայտման և սոցիալ-մանկավարժական աջակցության արդյունավետ մոդելների կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները։









