ՎՊՀ-ում մեկնարկել է միջազգային ամառային գիտական ճամբար

Հուլիսի 5-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Բազումի հանգրվանում մեկնարկեց «Կայունություն՝ ավանդույթի և փոփոխության միջև» խորագրով միջազգային ամառային գիտական ճամբարը, որը կազմակերպվել է համալսարանի գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի կողմից։

Ծրագիրն իրականացվում է «DAAD Eastern Partnerships» ծրագրի շրջանակներում՝ Վանաձորի պետական համալսարանի, Գերմանիայի Հեսսենի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի և Ուկրաինայի Ուժգորոդի Անդրկարպատյան մարզային խորհրդի «Մշակույթի և արվեստի ակադեմիա»-ի միջև ձևավորված միջազգային համագործակցության հիման վրա՝ նպատակ ունենալով խթանել գիտական համագործակցությունը, փորձի փոխանակումը և միջմշակութային հաղորդակցությունը։

Հուլիսի 6-ին ճամբարի մասնակիցներն այցելեցին ՎՊՀ-ի Ս․ Մերգելյանի անվան ինովացիոն կենտրոն։

Ողջունելով գործընկեր համալսարանների ուսանողներին և ներկայացուցիչներին՝ ռեկտոր Արմեն Ծատուրյանը կարևորեց միջազգային նման նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք պարզապես ակադեմիական փոխանակման ծրագրեր չեն, այլ միմյանց, տարբեր մշակույթներն ու աշխարհընկալումները ճանաչելու, գիտելիքներով փոխանակվելու և մտածողության սահմաններն ընդլայնելու բացառիկ հնարավորություն։ Նա նշեց, որ ամառային գիտական ճամբարը Դարմշտադտի ավետարանչական համալսարանի հետ նախորդ տարվա հաջողված փոխայցելությունների և ձևավորված արդյունավետ համագործակցության տրամաբանական շարունակությունն է։ Ռեկտորը նաև ընդգծեց ճամբարի գիտական բաղադրիչի կարևորությունը՝ մասնակիցներին հորդորելով ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, կիսվել գաղափարներով և ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան նաև Ուկրաինայից առցանց միացած գործընկեր համալսարանի ներկայացուցիչը, Դարմշտադտի Հեսսենի ավետարանչական կիրառական գիտությունների համալսարանի գիտահետազոտական և միջազգային հարցերով պրոռեկտոր Մ. Վիլեյնի անունից համալսարանի միջազգային գրասենյակի ղեկավար Լ. Համերլան, ինչպես նաև միջազգային ամառային գիտական ճամբարի ղեկավար Մարինա Մեցը։

Պաշտոնական բացման արարողությունից հետո գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց բուհերը։ Այնուհետև շրջայց կատարեցին համալսարանում։

Օրվա երկրորդ հատվածում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի փորձագետ Մարի Չաքրյանը վարեց Օրհուսի կոնվենցիային նվիրված ինտերակտիվ դասախոսություն, որից հետո մասնակից ուսանողները խմբային աշխատանքի ձևաչափով կիրառեցին Օրհուսի կոնվենցիայի գործիքակազմը՝ քննարկելով իրենց մտահոգող բնապահպանական խնդիրները, մշակելով հնարավոր լուծումներ և ձևակերպելով առաջարկություններ, որոնք կարող են ներկայացվել Օրհուսի կոնվենցիայի կողմերի հանդիպման ընթացքում։

Previous Article
Next Article