Մահազդ

  Ցավոք, 84 տարեկանում մահկանացուն կնքեց  գ.գ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ ՎՊՀ-ի հիմնադիրներից  Ռաֆիկ Հայկոյի Եդոյանը: Նա վանաձորցի դարձավ տակավին երիտասարդ տարիքում և իր ուժերի ամենածաղկուն տարիները նվիրեց քաղաքի նորաբաց մանկավարժական ինստիտուտի հիմնադրմանն ու Հայաստանի հյուսիսային շրջանների համար բարձրորակ մանկավարժական կադրերի պատրաստմանը:

Ռ.Եդոյանը ծնվել է Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (ներկայիս Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում): 1958թ.-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում: 1964թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ ԳԱ երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի սելեկցիայի և բուսական ռեսուրսների բաժնում՝ «Սելեկցիա» մասնագիտությամբ: 1967թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1970թ. աշխատանքի է անցել ՀՀ ԿԳ նախարարության Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում (ներկայիս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում): Այդ վեհ գործին նա մասնակցել է ոչ իբրև շարքային դասախոս. տասնյակ տարիներ ղեկավարել է բուսաբանության, կենսաբանության ամբիոնները, կենսաբանության ֆակուլտետը, իսկ  1987թ. ինստիտուտի կոլեկտիվի կողմից ընտրվել է ռեկտոր և շուրջ երկու տասնամյակ՝ 1987-2006թ.թ., ղեկավարել  մանկավարժական ինստիտուտը:   Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Նրա ղեկավարած բուհն ընդունել է Ադրբեջանի կողմից փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությանը: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փլվել է ինստիտուտի հանրակացարանային շենքը և վթարային են դարձել ուսումնական մասնաշենքերը: Մասնակցելով փրկարարական, որոնողական ու երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին՝ Ռ. Եդոյանը կոլեկտիվի հետ միասին կատարել է ծանրագույն աշխատանք. պահպանել է ուսումնական գործընթացն էքստրեմալ պայմաններում: Հետագայում նա մեծ դժվարությամբ տեղափոխել է Ղարաբաղի ուսանողներին Արցախ:

Ռաֆիկ Եդոյանը միջազգային ճանաչում ունեցող գիտնական է, հեղինակ մի շարք դասագրքերի, մենագրությունների, բազմաթիվ հոդվածների:    Ռ. Եդոյանը կատարել է լուրջ հետազոտական աշխատանքներ իմունային սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում: Ուշագրավ են ոչ ավանդական բույսերից գետնախնձորի, ինչպես նաև բույսերի էկոլոգիայի և բանջարային բույսերի ուսումնասիրությունները, կենսահումուսի ստացման տեխնոլոգիաների մշակումը, տեխնիկական մշակաբույսերի հարուստ հավաքածուի     ստեղծումը:
   Ռ. Եդոյանը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից մոտ 15-ը բուհական դասագրքեր և ձեռնարկներ են: Նրա գիտամանկավարժական գործունեության ամենամեծ գնահատականը 2000թ. ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ ընտրվելն է:
   Գիտության և մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար 2010թ.-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացու», իսկ 2011թ.-ին՝ Արցախի նախագահի «Երախտագիտության» մեդալներով:

Նա Գավառ և Վանաձոր քաղաքների պատվավոր քաղաքացի է:  
   Ռաֆիկ Հայկոյի Եդոյանն անցել է վաստակաշատ գիտնականի և գիտակ մանկավարժի ազնիվ ու արժանավայել ճանապարհ և կես դարից ավելի իր պատվավոր տեղն է ունեցելՎանաձորին դեմք ու դիմագիծ հաղորդած մտավորականների շարքում, ուստի նրա հիշատակն անմար կմնա հատկապես ՎՊՀ-ի տարեգրության մեջ և Լոռու տարածաշրջանում:

Համալսարանի ողջ կոլեկտիվը ցավակցում է Ռաֆիկ Եդոյանի հարազատներին և կիսում ընտանիքի վիշտը։

Previous Article
Next Article