ԲՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «ՀՀ-ում առցանց կրթության կազմակերպման հիմնախնդիրները» թեմայով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, բարձրագույն ուսումնական հաստատությունների և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու ՀՀ-ում առցանց կրթության կազմակերպման հիմնախնդիրները:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր Էրազմուս+ «Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում» (ՄԵԴԻԱ) դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ծրագրի մասնակից հայաստանյան հաստատությունները՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանը ներկայացրեցին մշակված փաստաթղթերը՝ «Թվային հաղորդակցության էթիկայի կանոնակարգը», «Առցանց դասընթացների որակի ինստիտուցիոնալ չափանիշները», «Համաժամանակյա (սինքրոն) և տարաժամանակյա (ասինքրոն) ուսուցման ինստիտուցիոնալ մեթոդաբանության շրջանակը», որոնք օժանդակելու են ՀՀ-ում առցանց կրթության կազմակերպման համար իրավական հենքի ստեղծմանը: Մասնակիցներն ակտիվ քննարկեցին ոլորտում առկա բացերը և կարգավորման հիմնախնդիրները:

Թեմայի շուրջ քննարկումները շարունակվել են նաև հունիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կազմակերպված աշխատաժողովին: Քննարկման արդյունքները և առաջարկները կներկայացվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին ազգային մակարդակում մշակումներ և կարգավորումներ կատարելու նպատակով:

Previous Article
Next Article