Հագեցած օրեր ամառային դպրոցում
Հունիսի 26-ին ամառային դպրոցի մասնակիցները մասնագիտական ուղևորություն կատարեցին Լոռու մարզի Հաղպատ և Սանահին վանական համալիրներում, հյուրընկալվեցին «Թուֆենկյան Ավան Ձորագետ» հյուրանոցային համալիրում։
Հունիսի 27-ին՝ ամառային դպրոցի վեցերորդ ամփոփիչ օրը, Վանաձորի պետական համալսարանի SMART CAFFE-ում բանախոսեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի խորհրդական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի անդամ Անահիտ Ոսկանյանը։ Նա ներկայացրեց շնորհանդես Հայաստանի զբոսաշրջության այն հնարավորությունների մասին, որոնք առավելապես հետաքրքրում են երիտասարդ սերնդին, ներկայացրեց զբոսաշրջության կոմիտեի կողմից վերջին տարիներին մեծ ուշադրության արժանացող ուղղությունները։ Խոսեց նաև տարածաշրջանային փաթեթների միացյալ պրոդուկտների մասին, որոնք զարգանում են Հայաստանում և Վրաստանում, նշեց, որ զբոսաշրջային համաշխարհային շուկայում այս տարածաշրջանը ներկայանում է միացյալ՝ Վրաստան-Հայաստան փաթեթներով, ինչը ունի երկկողմանի կարևոր նշանակություն։
Շնորհանդես ներկայացրեցին նաև ամառային դպրոցի մասնակիցները՝ կատարված նախագծային աշխատանքների մասին։ Ինչպես նաև այցելած վայրերի մասին կիսվեցին կարծիքներով և ջերմ տպավորություններով:
Մասնակիցներն իրենց շնորհակալության խոսքն ասացին ամառային դպրոցի կազմակերպիչներին, ուրախությամբ հայտնեցին, որ հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր պատմությանն ու մշակույթին և բացի մասնագիտական գիտելիքներից ու փորձից, ձեռք բերեցին նաև ընկերներ, որոնց հետ կշարունակեն հետագա շփումները բուհերի համագործակցության շրջանակներում։
Ելույթ ունեցան նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը և էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանը, ովքեր գտնում են, որ ամառային դպրոցը միջբուհական համագործակցության հաջողված օրինակ է :
Ամառային դպրոցի աշխատանքների ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, կամավորներին և կազմակերպիչներին՝ ամառային դպրոցը հնարավորինս հետաքրքիր, բովանդակալից ու տեղեկատվորեն հագեցած անցկացնելու համար, հույս հայտնեց, որ ամառային դպրոցի կազմակերպումը հիմք է հանդիսանալու երկու բուհերի սերտ համագործակցության տարբեր ոլորտներում։
Մասնակիցների շնորհակալություն հայտնեցին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանին և Բատումի Շոթա Ռուսթավիլիի ավան պետական համալսարանի ռեկտոր Տիտե Արոշիձեին նման հնարավորություն ընփեռելու համար:
Այնուհետև տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։













































