Վանաձորի պետական համալսարանի դասախոսները մասնակցեցին «ԱԴԼ 10 մոդուլների և դասապլանների մշակում» խորագրով վերապատրաստմանը ՄԹ Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում
2023 թ․ ապրիլի 3-ից 12-ը Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված տասնօրյա վերապատրաստում՝ նվիրված ԱԴԼ (Անգլերենը որպես դասավանդման լեզու) իրականացման գործընթացը խթանող մոդուլների և դասապլանների մշակմանը, ինչպես նաև դասավանդման նորարարական մեթոդաբանությանն ու ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի պրոֆեսոր, Լիվերպուլի Բիզնես Դպրոցի տնօրեն Ադամ Շորը և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:
ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը, ծրագրի հրապարակայնացման պատասխանատու, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Գայանե Քանարյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի ասիստենտ Արինե Դանիելյանը։
Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Ադամ Շորը, Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը և Ամանդա Մեյսոնը Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանից, Մարիա Պլատոնովան և Տատյանա Սմիռնովան Ռիգայի տեխնիկական համալսարանից:
Վերապատրաստման դասընթացները հագեցած էին ԱԴԼ մոդուլների մշակման տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային գործուն քննարկումներով։ Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր բուհից ակնկալվում է մշակել երկու մոդուլ՝ ԵՄ դասընթացավարների տրամադրած նյութերի հիման վրա։
ՎՊՀ-ն կմշակի հետևյալ երկու մոդուլները՝ «Մոդուլ 1․Հաղորդակցական մոտեցում (ուսանողակենտրոն) և խառը/ՏՀՏ/հեռավար ուսուցման ռազմավարություն, որը հակասում է դասավանդման ավելի տարածված ավանդական մոտեցումներին», և «Մոդուլ 7․ ԱԴԼ գնահատման ռազմավարությունները (ֆորմալ և այլընտրանքային գնահատում)»։
Վերապատրաստման վերջին օրը յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց նախապես ընտրված երկու մոդուլների և դասապլանների նախնական տարբերակները, որոնք քննարկվեցին ԵՄ դասընթացավարների կողմից։ Վերջիններս արտահայտեցին իրենց դիտողություններն ու խորհուրդները ներկայացված մոդուլների ու դասապլանների կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ։
2023 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում նախատեսվում է փորձարարական (պիլոտային) դասընթացների և վերապատրաստումների իրականացում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար։ Վերապատրաստումները մշտադիտարկելու են ԵՄ փորձագետները: Ընդհանուր առմամբ, մինչև ծրագրի ավարտը նախատեսվում է իրականացնել փորձարարական երկու դասընթաց: