Գորիսի պետական համալսարանում անցկացվեց «Տարածաշրջանային իրազեկման օր» միջոցառումը
Առաջին «Տարածաշրջանային իրազեկման օր» միջոցառումը, որը կազմակերպվել էր Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի շրջանակում, տեղի ունեցավ 2026 թվականի ապրիլի 20-21-ը Գորիսի պետական համալսարանում։ Միջոցառումը համախմբել էր Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ԵՄ գործընկերների, որակի ապահովման գործակալությունների, հանրային հատվածի շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, դասախոսական կազմի և ուսանողների։ Միջոցառման հիմնական նպատակը նախագծի առաջընթացի և ձեռքբերումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր, ինչպես նաև երկխոսության խթանումը բարձրագույն կրթությունում փափուկ հմտությունների զարգացման կարևորության շուրջ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։
Ծրագիրը մեկնարկեց ապրիլի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում և բացվեց Գորիս քաղաքը և հյուրընկալող հաստատությունը ներկայացնող տեսանյութով։ Նիստը վարում էին բակալավրիատի ուսանողները՝ ստեղծելով ջերմ և ներառական մթնոլորտ։ Միջոցառման շրջանակում ողջույնի խոսքով հանդես եկան Գորիսի պետական համալսարանի ռեկտոր դոկտոր Տիգրան Վանդունցը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող դոկտոր Մարիանա Սարգսյանը (առցանց), ինչպես նաև DeSIRe նախագծի համակարգող դոկտոր Լուսիկ Վարդանյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ դոկտոր Տիգրան Վանդունցը նշեց, որ վերջին տարիներին համալսարանն ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության ծրագրերում, հատկապես Էրազմուս+ նախաձեռնություններում, որոնք միտված են բարձրագույն կրթության որակի բարձրացմանը և այն աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցնելուն։ Նա ընդգծեց DeSIRe ծրագրի առանձնահատուկ կարևորությունը այս համատեքստում և շեշտեց փափուկ հմտությունների աճող դերը՝ հաղորդակցման, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության, խնդիրների լուծման և առաջնորդության հմտությունների զարգացումը մրցունակ շրջանավարտների պատրաստման գործում։ Իր խոսքը եզրափակելով՝ նա շնորհակալություն հայտնեց նախագծի գործընկերներին և մասնակիցներին՝ կարևորելով շարունակական համագործակցությունը փափուկ հմտությունների զարգացման և կրթության որակի բարելավման համար։
Դոկտոր Մարիանա Սարգսյանը ողջունեց մասնակիցներին և ընդգծեց Էրազմուս+ ծրագրի, մասնավորապես DeSIRe նախագծի կարևորությունը բարձրագույն կրթական համակարգերի արդիականացման գործում։ Նա նշեց, որ նախագիծը էական ներդրում ունի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, դասախոսների և ուսանողների ներուժի զարգացման, ինչպես նաև կրթության և աշխատաշուկայի միջև կապերի ուժեղացման գործում՝ խթանելով 21-րդ դարի պահանջներին համապատասխան փափուկ հմտությունների զարգացումը։
Իր ելույթում դոկտոր Լուսիկ Վարդանյանը նշեց, որ DeSIRe նախագիծը ստեղծվել է ի պատասխան այն ընդհանուր մտահոգության, որ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում հաճախ ավելի մեծ շեշտ է դրվում գիտելիքի փոխանցման, քան աշխատաշուկայի համար անհրաժեշտ գործնական փափուկ հմտությունների զարգացման վրա։ Նա նաև ընդգծեց, որ համաստեղծարար և կարողությունների շարունակական զարգացման մոտեցումների շնորհիվ նախագիծը հաջող ընթացք է ստացել՝ ապահովելով տեսանելի արդյունքներ և խթանելով էական փոփոխություններ գործընկեր հաստատություններում։
Նախագծի կարևոր հատվածը նվիրված էր նախագծի աշխատանքային փաթեթների ներկայացմանը։ Յուրաքանչյուր աշխատանքային փաթեթ ներկայացվեց համառոտ զեկույցներով, որոնք ընդգծում էին հիմնական ձեռքբերումներն ու ընթացիկ գործողությունները։ Ներկայացվեցին նախագծի կառավարման կառուցվածքը և համակարգման մեխանիզմները, ինչպես նաև նախապատրաստական փուլի արդյունքները՝ ներառյալ գրասենյակային (երկրորդային) և դաշտային (առաջնային) հետազոտությունները փափուկ հմտությունների մեթոդաբանությունների և դրական փորձի վերաբերյալ։ Հետագա զեկույցները վերաբերում էին դասախոսների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումներին, ինչպես նաև նախագծի շրջանակում մշակվող փափուկ հմտություններին վերաբերող մոդուլների, զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOCs) և գնահատման մեթոդաբանությունների մշակման վրա։ Անդրադարձ կատարվեց նաև հետագա փորձարկման փուլին, որոնք վերաբերում էին ուսումնական նյութերի և ձեռնարկների պատրաստմանը։ Բացի այդ, ներկայացվեցին որակի ապահովման շրջանակը և մշտադիտարկման գործընթացը, ինչպես նաև տարածման և արդյունքների կիրառման ռազմավարությունները՝ նախագծի արդյունքների կայունությունն ու տեսանելիությունն ապահովելու նպատակով։ Յուրաքանչյուր զեկույց ուղեկցվում էր կարճ քննարկումով՝ հնարավորություն տալով մասնակիցների կարծիքների փոխանակմանը։
Օրվա երկրորդ կեսին անցկացվեց «Արդյո՞ք համալսարաններն ուսանողներին զինում են գործատուների պահանջած փափուկ հմտություններով» խորագրով պանելային քննարկում, որը համախմբեց ակադեմիական համայնքի, որակի ապահովման մարմինների, քաղաքացիական հասարակության և ուսանողական համայնքի ներկայացուցիչներին։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ակադեմիական կրթության և աշխատաշուկայի սպասելիքների միջև առկա բացին, հատկապես հաղորդակցման, քննադատական մտածողության, հարմարվողականության և թիմային աշխատանքի նման միջգիտակարգային հմտությունների համատեքստում։ Մասնակիցները կարևորեցին փափուկ հմտությունների առավել համակարգված ներառումը համալսարանական ծրագրերում և ընդգծեցին շահագրգիռ կողմերի համագործակցության անհրաժեշտությունը այս նպատակին հասնելու համար։ Նիստն ավարտվեց հիմնական դիտարկումների ամփոփմամբ՝ արտացոլելով խնդիրների հրատապության ընդհանուր ընկալումը և DeSIRe նախագծի առաքելության կարևորությունը։
Ապրիլի 21-ին միջոցառումները շարունակվեցին Գորիսի պետական համալսարանի փափուկ հմտությունների լաբորատորիայում։ Հանդիպումը նվիրված էր ներքին որակի ապահովմանը, մշակված փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) ձևավորմանն ու կատարելագործմանը։ Քննարկումները կենտրոնացած էին դրանց բովանդակության և կառուցվածքի գնահատման, որակի բարելավման, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև աշխատանքների բաշխման վրա՝ փորձարկման (պիլոտային) փուլում կիրառելու նպատակով։ Նիստը կարևոր դեր ունեցավ նախագծի արդյունքների կայունությունն ու գործնական կիրառելիությունն ապահովելու գործում։
Օրվա երկրորդ հատվածում անցկացվեց ուսանողական պանելային քննարկում՝ «Իրապես կարևոր փափուկ հմտություններ» խորագրով, որի ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց տեսակետները այն հմտությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են իրենց ակադեմիական և մասնագիտական զարգացման համար։ Քննարկումն արժեքավոր պատկերացում տվեց ուսանողների փորձառության մասին՝ ընդգծելով կրթական գործընթացում առկա բացերը և արտահայտելով ավելի պրակտիկ ու հմտությունների վրա հիմնված ուսուցման հստակ պահանջները։ Ուսանողների ներգրավվածությունը ևս մեկ անգամ ընդգծեց նախագծի նպատակների արդիականությունը։
Նախագիծը եզրափակվեց գործընկերների համակարգման նիստով, որի ընթացքում քննարկվեցին հետագա աշխատանքները, հստակեցվեցին անելիքներն ու պարավորությունները փորձարկման (պիլոտային) փուլի և տեղեկատվության տարածման վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ, «Տարածաշրջանային իրազեկման օր» առաջին միջոցառումը հաջողությամբ հասավ իր նպատակին՝ ներկայացնելով DeSIRe նախագծի բոլոր փուլերում արձանագրված առաջընթացը, խթանելով արդյունավետ համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ամրապնդելով համագործակցությունը հայկական, վրացական և եվրոպական գործընկերների շրջանում։ Քննարկումները փաստեցին, որ նախագիծն ակտիվորեն նպաստում է բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների հաղթահարմանը՝ խթանելով փափուկ հմտությունների ինտեգրումը կրթական ծրագրերում։ Միաժամանակ միջոցառումը ընդգծեց հետագա փուլերում շարունակական ջանքերի կարևորությունը, հատկապես փորձարկման, գնահատման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրման տեսանկյունից՝ ապահովելով նախագծի ավարտից հետո կայուն և երկարատև ազդեցություն։















