Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտների ճանաչողական այցը ՎՊՀ

Ապրիլի 22-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների 27 աշակերտների:

Աշակերտների այցը կազմակերպվել էր ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի  ղեկավար Լիլիթ Փարսադանյանի և մասնագետ Աիդա Իսկանդարյանի կողմից: Աշակերտներին ուղեկցում էին ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Գայանե Քոչինյանը և ուսուցիչներ Գոհար Վարդանյանն ու Ալինա Խառատյանը:

Շրջայցի ընթացքում աշակերտներն այցելեցին մեդիալաբ, որտեղ  հասարակայնության հետ կապերի մասնագետ Տաթևիկ Խաչատրյանը ծանոթացրեց առկա ժամանակակից սարքավորումների հնարավորություններին ու իրականացվող աշխատանքներին։

Այնուհետև քիմիայի և կենսաբանության ամբիոնի ասպիրանտ Հայկուհի Թաթուլյանը ֆիզիկայի լաբորատորիայում աշակերտների համար ցուցադրեց դիտարժան փորձեր «Մեխանիկա» և «Էլեկտրականություն» բաժիններից:Աշակերտները հետաքրքրությամբ հետևեցին ու մասնակեցեցին Էլեկտրաստատիկ մեքենայի լիցքավորման և պարպման գործընթացին, Տեսլայի կոճի միջոցով էլեկտրական հոսանքի ստեղծմանը, Կամերտոնի միջոցով ձայնային ալիքների տարածման փորձերին:

Շրջայցն ավարտվեց համալսարանի գրադարանում, որտեղ Գոհար Գաբոյանը ներկայացրեց գրադարանի աշխատանքը, գրադարանավարի մասնագիտության առանձնահատկությունները և ծանոթացրեց գրադարանային ֆոնդի եզակի նմուշներին։

Previous Article