Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Փետրվարի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը: Օրակարգը հաստատվեց միաձայն:
Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նիստի սկզբում շնորհավորեց ‹‹Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման›› ամբիոնի դասախոս Արինե Ստեփանյանին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից տնտեսագիտության դոցենտի գիտական կոչումը հաստատելու կապակցությամբ։
Մասնագիտական վերջնարդյունքների ձևավորմանն ուղղված դասավանդման և ուսումնառության կիրառվող մեթոդների շարունակական վերանայման և ընդլայնման մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը:
ՎՊՀ ՈՒԽ նախագահ Վաչե Հակոբյանը ներկայացրեց ուսանողների կարիքների մասին զեկույց:
Գիտխորհրդի անդամները երաշխավորեցին պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․ պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի՝ «Մասոնությունը Հայոց մեջ» թեմայով մենագրությունը Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայակական հիմնադրամի մրցույթին ներկայացնելու հարցը։
Գիտխորհրդի կազմը երաշխավորեց նաև պատմության ամբիոնի դոցենտ Արթուր Մելիքյանի և մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Վանանե Միրզոյանի թեկնածությունները՝ ստանալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից թեկնածուական ատենախոսություն ղեկավարելու իրավունք:
Հաջորդիվ հաստատվեց 2023-2024 ուստարվա մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Հերմինե Այվազյանի ատենախոսության թեման:
Քննարկվեցին և հաստատվեցին Էրազմուս+ ծրագրի Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց կրթության որակի ամրապնդում» /MEDIA/ (թիվ 101082889 դրամաշնորհային պայմանագիր) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «MEDIA կենտրոնի» ընթացակարգը և ‹‹Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգը: