«Ազգային գրադարանային շաբաթ 2026». Գիտագործնական սեմինար՝ Լոռու մարզային և Վանաձորի համայնքային գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ
Ապրիլի 17-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարան-ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար, որին մասնակցում էին Լոռու մարզային և Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի աշխատակիցները՝ ի դեմս Լոռու մարզային գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանի և Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան ԳԿՀ ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Տաթևիկ Աղաբաբյանի:
Սեմինարը վարեց ՎՊՀ գրադարան-ռեսուրս կենտրոնի վարիչ Գոհար Գաբոյանը։ Հանդիպման առանցքում գրադարանային գործառույթների արդիականացումն ու ժամանակի մարտահրավերներին համընթաց քայլելու անհրաժեշտություն էր:
Սեմինարի ընթացքում ծավալվեց մասնագիտական աշխույժ երկխոսություն։ Քննարկվեց պարբերաբար կազմակերպվող միջոցառումների կարևորությունը, որոնք նպատակ ունեն ակտիվացնելու գրադարանային կյանքը:
Կարևորվեց ընթերցողների կարիքների և պահանջների մշտական դիտարկումը, ինչը գրադարանի զարգացման գլխավոր նախապայմանն է: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գրադարանավարների ինքնակրթությանը, վերապատրաստումներին և սպասվող ատեստավորման գործընթացներին, ավանդական մեթոդների և ժամանակակից տեխնիկական լուծումների համադրման անհրաժեշտությանը, գրադարանների նորարարացման ընթացքին և մասնագետների հմտությունների կատարելագործման կարևորությանը, ինչը թույլ կտա ապահովել ժամանակակից ու որակյալ սպասարկում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները լրացրին հարցաթերթիկներ, որոնց նպատակն էր ուսումնասիրել գրադարանների աշխատակիցների մասնագիտական կարիքները, բացահայտել գրադարանների ներուժը, զարգացման միտումները, ոլորտի հիմնական մարտահրավերները, բուհի հետ շարունակական համագործակցության ուղղությունները։



