«Ազգային գրադարանային շաբաթ 2026». Ստեփան Զորյան․ խոսք գրքի և ընթերցողի մասին
Ապրիլի 18-ին ՎՊՀ գրադարան-ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն՝ «Ստեփան Զորյան․ խոսք գրքի և ընթերցողի մասին» վերտառությամբ: Բանախոսը Ստ. Զորյանի տուն-թանգարանի գիտաշխատող, բուհի շրջանավարտ Մերի Հակոբյանն էր:
Նա ներկայացրեց Ստեփան Զորյանին՝ որպես գրքի և գրադարանի իսկական ջատագովի՝ անդրադառնալով նրա գրական աշխարհին, գրի հանդեպ ունեցած վերաբերմունքին և ընթերցողի հետ ստեղծած հոգևոր կապին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Զորյանի կերպարին ոչ միայն որպես գրողի, այլև որպես ազգային արժեքներ կրողի և մշակութային գործչի։
Միջոցառումն ուղեկցվեց ուշագրավ սահիկաշարով, որը ներկաներին հնարավորություն տվեց «այցելելու» գրողի տուն-թանգարան։
Միջոցառման ավարտին ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհակալագիր հանձնեց Մ․ Հակոբյանին՝ ուսանողների համար արժեքավոր դասախոսություն կազմակերպելու և գրական-մշակութային արժեքների տարածման գործում ներդրած ավանդի համար։
Տուն-թանգարանի փոխտնօրեն Ջիվան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ արժևորելով նման միջոցառումների անցկացումը կրթական միջավայրում:
Գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը նշեց, որ միջոցառումն իրականացվել է ոչ միայն «Ազգային գրադարանային շաբաթ»-ի, այլև համալսարանի և Ստ. Զորյանի տուն-թանգարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։


