Մասնագիտական կողմնորոշման այց ՎՊՀ-ում
Ապրիլի 15-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտներին։ Այցի նպատակն էր աշակերտների մասնագիտական կողմնորոշումը և բնագիտական ուղղվածության մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունների զարգացմանը։
Այցի ընթացքում աշակերտները կատարեցին շրջայց, որից հետո քիմիայի և կենսաբանության ամբիոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում իրականացվեցին փորձարարական աշխատանքներ, որոնք ուղեկցվում էին մասնագիտական մեկնաբանություններով։
Քիմիայի ոլորտին առնչվող հետաքրքրաշարժ փորձերը՝ յոդի չեզոքացումը, մագնեզիումի ստացումը, քիմիական վիրաբուժություն, ներկայացրեց ամբիոնի դասախոս Անժելա Մատինյանը, կենսաբանության փորձարարական աշխատանքները՝ արյան խմբերի որոշումը և մանրադիտակով լաբորատոր հետազոտությունները ներկայացրեցին ամբիոնի դոցենտ, կ․գ․թ․ Շուշան Քառյանը և դոցենտ, կ․գ․թ․ Հասմիկ Մխիթարյանը։
ֆիզիկայի բնագավառում հետաքրքիր փորձերի շարք ներկայացրին ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սմբատ Փարսադանյանը և ասպիրանտ Հայկուհի Թաթուլյանը։ Իրականացվեցին մաթեմատիկական ճոճանակով ազատ անկման արագացման որոշման, էլեկտրականության և էլեկտրամագնիսական դաշտի ուսումնասիրման վերաբերյալ փորձեր։
Նման ձևաչափը հնարավորություն տվեց գործնական հենքի վրա ամրապնդելու աշակերտների տեսական գիտելիքները, միաժամանակ նպաստեց բնագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը և մասնագիտական կողմնորոշմանը։



