«Էվերեստ 2026». Գևորգ Գասպարյանի հանդիպումը ՎՊՀ ուսանողների հետ

 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում «Արևի» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, լեռնագնաց Գևորգ Գասպարյանի հետ։ Հանդիպման առանցքում նրա «Էվերեստ 2026» լեռնագնացական փորձառությունն էր, վերելքի ընթացքում հանդիպած մարտահրավերները։

 Հանդիպման ընթացքում Գևորգ Գասպարյանը ներկայացրեց աշխարհի ամենաբարձր գագաթը տանող ճանապարհի առանձնահատկությունների, նախապատրաստական աշխատանքի և բարձր լեռնային պայմաններում առաջացող դժվարությունների մասին։ Նա անդրադարձավ լեռնագնացությունից առաջ ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության կարևորությանը, կարգապահությանը, թիմային աշխատանքին և բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը։

 Լեռնագնացը պատմեց նաև բարձրության, ցածր ջերմաստիճանի, եղանակային կտրուկ փոփոխությունների և թթվածնի պակասի պայմաններում գործելու առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ նման վերելքները պահանջում են ոչ միայն ֆիզիկական ուժ ու տոկունություն, այլև սեփական հնարավորությունների սթափ գնահատում, պատասխանատվություն և անվտանգության կանոնների խստիվ պահպանում։

 ՎՊՀ ուսանողները ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ հարցեր ուղղելով հյուրին վերելքի նախապատրաստական փուլի, արշավախմբի աշխատանքի, ամենաբարդ իրավիճակների, լեռնագնացության ընթացքում ապրումների և ապագա վերելքների ծրագրերի վերաբերյալ։

 Հանդիպման ավարտին ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և «ԼՈՌԻՄԵԴ» բժշկական կենտրոնի ղեկավար Կարեն Ադամյանը։ Ռեկտորն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունն ու դրանց շարունակականությունը՝ կարևորելով ուսանողների համար փորձի փոխանակման և ոգեշնչման նոր հնարավորությունների ստեղծումը։

Previous Article
Next Article