Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ՎՊՀ-ում

 Աղետների ռիսկի նվազեցման պլան-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների շրջանակում 2026 թ․ հոկտեմբերի 6-ին և 7-ին «ՎՊՀ» հիմնադրամի և «ՎՊՀ» հիմնադրամի քոլեջի առաջին կուրսերի ուսանողների համար անցկացվեց «Ուսանողների պաշտպանությունը և տարհանումը ուժեղ երկրաշարժերի և հրդեհի ժամանակ» թեմայով ճանաչողական հանդիպում։

Հանդիպումը վարեց համալսարանի անվտանգության ճարտարագետ-շինարար Մարինե Սիրադեղյանը։

Համալսարանի և քոլեջի ուսանողները ծանոթացան հրդեհային անվտանգության կանոններին, տարհանման նշաններին և տարհանման հատակագծերին։ Անդրադարձ  կատարվեց նաև աղետների ռիսկի նվազեցման կրթության հիմնական հասկացություններին, մասնավորապես՝ «պատսպարում», «տարհանում», «վտանգավոր տարածք», «անվտանգ գոտի», «տարհանման պլան», «տարհանման ելք», «վթարային (պահուստային) ելք», «տարհանման ուղի», «երկրաշարժ», «հրդեհ» և «հրդեհային անվտանգություն» հասկացությունները։ Դրանց շրջանակում ներկայացվեցին կարևոր տեղեկություններ և գործնական նշանակություն ունեցող գիտելիքներ արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև գույքի պահպանության վերաբերյալ։ Քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարար վարչության փրկարար ծառայության փոխգնդապետ Հ․ Սահակյանը։ Նա ներկայացրեց փրկարարի աշխատանքի կարևորությունն աղետների ժամանակ և նշեց, որ Փրկարար ծառայությունը պատրաստ է հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ դրանք իրականացնելով ոչ միայն տեսական, այլև գործնական պարապմունքների ձևաչափով։

Previous Article