CONNECT նախագծի կոնսորցիումի անդամների այցը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Ս/թ նոյեմբերի 10-ին Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի կոնսորցիումի համալսարանների ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի պետահական համալսարան։
Հյուրերը ներկայացնում էին ծրագրային երկրների հաստատությունները (Ֆինլանդիա, Ռումինիա, Լատվիա և Բուլղարիա) և գործընկեր համալսարանների հաստատությունները (Մոլդովա, Վրաստան և Հայաստան)։
Այցի նպատակն էր ծանոթանալ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ենթակառուցվածքին, ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված ռազմավարական ուղղություններին, նախագծի շրջանակներում նախատեսվող SMART ձեռնարկատիրական կենտրոնի տեղակայման, համալսարանի և այլ կազմակերպությունների հետ կապի և հետագա համագործակցության պլանավորման մասին։
ՎՊՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռ. Սահակյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով ՎՊՀ-ի ներգրավվածությունը նախագծում և նշելով, որ համալսարանի և ձեռնարկատիրական կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը մարզի տնտեսության կայունության գրավականն է։
Ռեկտորի ողջույնից հետո Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի (Ֆինլանդիա) աշխատակցուհի Անաստասիա Չակիրը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց նորարարական դասավանդման մեթոդներին վերաբերող Ապագա դասավանդման ձևավորումը. թվային հարցման և փախուստի սենյակի ստեղծում խորագրով սեմինար։
Անդամներն այցելեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացան ՎՏԿ-ի գործունեության հիմնական ուղղություններին, այնտեղ տեղակայված կազմակերպություններին, նրանց գործունեությանը և հետագա հեռանկարներին։
Ծրագրի ընդհանուր նպատակներից է համալսարան-տնտեսություն կապի ամրապնդումը՝ հիմնված Արևելյան գործընկերության բուհերի խելացի (հարմարեցված) ձեռնարկատիրական մոտեցման վրա, ինչպես նաև ուսանողների և շրջանավարտների մրցակցային ուսումնասիրության (վարք, հմտություններ, մտածելակերպ) և աշխատատեղեր ստեղծելու կարողության զարգացումը http://connecterasmus.com/։