Ամառային դպրոցի մասնակիցների այցը Վանաձորի պետական համալսարան
Հունիսի 23-ին ամառային դպրոցի շրջանակներում Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի մասնակիցներին։
Գործընկեր բուհերի ներկայացուցիչները միմյանց հանդիպեցին համալսարանի Smart Caffe-ում, որտեղ հյուրերին ողջունեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։ Նա իր ելույթում անդրադարձավ սույն թվականի մարտին Վանաձորի և Բաթումիի պետական համալսարանների միջև ստորագրված համագործակցության հուշագրին և ընդգծեց, որ դրա շրջանակում է իրականացվել ամառային դպրոցի կազմակերպումը։ Այս առիթով Ռ․ Սահակյանը հույս հայտնեց, որ համալսարանների միջև փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ նոր հնարավորություններ ստեղծելով կրթական և գիտական ոլորտներում, հետազոտողների և ուսանողների փոխանակման ծրագրերի, համատեղ գիտաժողովների և մշակութային միջոցառումների շրջանակներում։ Նա շնորհակալություն հայտնեց Բաթումիի պետական համալսարանի ռեկտորին, պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմին՝ մեր համալսարանի նախաձեռնությունն ընդունելու և դրան մասնակցություն ունենալու համար։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վանաձորի համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը։ Նա նշեց, որ Վանաձոր և Բաթումի քաղաքները սերտորեն համագործակցում են և բուհական ոլորտը ևս անմասն չի մնում։ Ա․ Բերնեցյանը շնորհակալություն հայտնեց Բաթումիի պետական համալսարանի ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Տիտե Արոշիձեի, և ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանին՝ այս նախաձեռնության համար՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Անզոր Դևաձեն։ Նա շնորհակալություն հայտնեց Վանաձորի պետական համալսարանի անձնակազմին ջերմ ընդունելության համար։ Նշեց, որ այսուհետ կիրականացվեն համալսարանների դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր, իսկ համագործակցության հաջորդ կարևոր հանդիպումը տեղի կունենա Բաթումիում։
Հաջորդիվ Վանաձորի և Բաթումիի պետական համալսարանների մասին շնորհանդեսներ ներկայացրին Անահիտ Եղիազարյանը և Անրի Բոլկվաձեն։
«Լոռու մարզի զբոսաշրջային պոտենցիալ» թեմայով շնորհանդես ներկայացրեց էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Ք․ Հովսեփյանը։
Այնուհետև ամառային դպրոցի մասնակիցները շրջայց կատարեցին համալսարանում։ Ծանոթացան Վանաձորի պետական համալսարանի գրադարանի, մեդիա լաբի, մշակույթի կենտրոնի աշխատանքներին։
Ամառային դպրոցի մասնակիցները հագեցած օրը շարունակեցին Վանաձորի համայնքապետարանում և Լոռու մարզպետարանում։









