Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի և Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարան են ժամանել ամառային դպրոցի մասնակիցները
2025 թ.-ի հուլիսի 22-ին Վանաձորի պետական համալսարանի Բազումի հանգրվանում մեկնարկել է ամառային դպրոց, որի նպատակն է երկու համալսարանների մասնակիցներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։
Ամառային դպրոցը նվիրված է տուրիզմի ոլորտին և նախատեսված է մասնակիցներին տրամադրելու խորացված գիտելիքներ և հմտություններ տուրիզմի կառավարման, մարքեթինգի, մշակութային զբոսաշրջության և հաճախորդների սպասարկման ոլորտներում։ Ամառային դպրոցի մասնակիցները ներկայացնում են տարբեր կրթական հաստատություններ և ունեն հնարավորություն մասնակցելու տուրիզմի ոլորտի մի շարք ուսումնական և գիտակրթական միջոցառումների։ Նրանց համար նախատեսված է նաև Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը։
Ուսանողներին հնարավորություն է տրվում ծանոթանալու տեղական զբոսաշրջության արդի միտումներին և զարգացման հնարավորություններին։ Ծրագրի շրջանակում կազմակերպվելու են այցելություններ հայտնի տուրիստական վայրեր, ինչը հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար։
Ամառային դպրոցի հիմնական նպատակը երկու երկրների համալսարանների միջև մշակութային փոխանակումն ու համագործակցության խթանումն է, ինչպես նաև ուսանողների գիտելիքների և հմտությունների զարգացմանը աջակցելը։






