Վանաձորի պետական համալսարանում ամփոփվեց «Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացի հինգերորդ փուլը
2025թ. հունիսի 12-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Smart Caffe-ում տեղի ունեցավ «Մրցունակ գիտելիքի ծրագիր» ձեռներեցության դասընթացի հինգերորդ փուլի ամփոփիչ միջոցառումը և վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը մեկնարկել էր ապրիլի 29-ին և ընթանում էր շուրջ մեկուկես ամիս։
Ամփոփիչ հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մշակած բիզնես գաղափարները, որոնք ձևավորվել էին դասընթացի ընթացքում։ Ներկայացումները ուղեկցվեցին կառուցողական քննարկումներով, մասնագիտական խորհրդատվությամբ և խրախուսական արձագանքներով։ Բոլոր մասնակիցները ստացան արժեքավոր խորհուրդներ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի և դասընթացավարների կողմից։
«Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացը ներառում էր երեք հիմնական բաղադրիչ․
- Աքսելերացիա և բիզնես հմտություններ,
- Թվային մարքեթինգ,
- Գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ։
Դասընթացը մշակվել է Էրազմուս+ CONNECT միջազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել համալսարան–տնտեսություն կապը և զարգացնել երիտասարդների ձեռներեցային կարողությունները։ Այն իրականացվում է եվրոպական գործընկեր համալսարաններում վերապատրաստված Վանաձորի պետական համալսարանի ինը մասնագետների կողմից։
Արդեն հինգերորդ անգամ իրականացվող ծրագիրն անցկացվեց ՎՊՀ-ի Smart Caffe ձեռներեցության խթանման կենտրոնում, որն ապահովում է նպաստավոր միջավայր երիտասարդների անձնային և մասնագիտական աճի համար։ Այստեղ ուսանողները ոչ միայն ձեռք են բերում ձեռներեցային, թվային և հաղորդակցական հմտություններ, այլև շփվում են փորձառու մենթորների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնակցում են բազմաբնույթ միջոցառումների, ծանոթանում են նոր մարդկանց հետ, զարգացնում իրենց նախաձեռնողականությունն ու մրցունակությունը։
«Մրցունակ գիտելիքի ծրագիր» դասընթացը շարունակելու է իր գործունեությունը՝ բաց մնալով նոր մասնակիցների առաջ և խթանելով երիտասարդների ձեռներեց մտածողությունը Հայաստանի տարածաշրջանային համալսարաններից մեկում։

















