Պատվավոր դոկտորի կոչման շնորհում և նոր գրքի շնորհանդես ՎՊՀ-ում
2026 թ․ սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ հիշարժան միջոցառում՝ մեկտեղելով երկու կարևոր իրադարձություն․ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց գրականագետ, մատենագետ, մանկավարժ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հրատարակիչ, բառարանագիր, մշակութային և հասարակական գործիչ, անվանի բարերար Հովսեփ Նալբանդյանին, ինչպես նաև տեղի ունեցավ պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Մովսիսյանի «Հայ մասոնություն․ օթյակներ և մարդիկ» երկհատորյակի շնորհանդեսը։
ՎՊՀ գիտական խորհրդի 2026 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ կրթական, մշակութային և գիտական ոլորտներում ունեցած ներդրման, գրական և հրատարակչական արգասաբեր գործունեության համար Հովսեփ Նալբանդյանին շնորհվել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Միջոցառման բացմանը ՎՊՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ համալսարանն առաջին անգամ է իրականացնում գիտխորհրդի այս գործառույթը։ Ռեկտորը նշեց, որ կոչումը վկայում է ՎՊՀ-ի երկարամյա բարեկամ Հովսեփ Նալբանդյանի բազմամյա գործունեության, գիտական ու կրթամշակութային ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի նկատմամբ համալսարանի ունեցած խորին հարգանքի և երախտագիտության մասին։
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը՝ որպես Հ․ Նալբանդյանի մի քանի գրքերի գրախոս, առանձնակիորեն շեշտեց գրականագետի դերը արևմտահայ գրական լեզվի պահպանության գործում և իր երախտագիտությունը հայտնեց պարոն Նալբանդյանին հայ ժողովրդի համար կարևորագույն խնդիրների նկատմամբ ուշադրությունը մշտապես սևեռելու և համալսարանին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար։
Պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ա․ Վիրաբյանը շնորհավորեց համալսարանի պատմության մեջ առաջին պատվավոր դոկտորին՝ հույս հայտնելով, որ նման իրադարձությունները և Հ․ Նալբանդյանի հետ համագործակցությունը համալսարանում կլինեն շարունակական։
Պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Ա․ Մելիքյանը երկու իրադարձությունների համադրումը բնորոշեց որպես համալսարանական կյանքի նշանակալի օր։ Նրա խոսքով՝ երկհատորյակը նոր և ընդգրկուն ուսումնասիրություն է, որը լուսաբանում է մասոնական շարժման մեջ հայ գործիչների դերակատարությունը և դրա առնչությունները հայ հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքին։
Պատմության ամբիոնի դոցենտ, պ․ գ․ թ․ Յ․ Ղուլյանը պրոֆեսոր Մովսիսյանի աշխատությունը բնութագրեց որպես իսկական հանրագիտարան՝ ընդգծելով դրա գիտական և ուսուցողական մեծ նշանակությունը։
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ․Փիլոյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, կարևորեց մարդուն և մարդկային ճակատագրերը։ Առանձնացրեց նաև աշխատության այն հատվածները, որոնք բացահայտում են հայ գրողների ու գրականության առնչությունը մասոնական շարժման պատմությանը։
Անդրադառնալով Հովսեփ Նալբանդյանի գործունեությանը՝ բանախոսը շեշտեց նրա հրատարակչական վաստակը՝ նշելով, որ նրա աջակցությամբ լույս են տեսել հարյուրից ավելի գրքեր, այդ թվում՝ բանասիրական արժեքավոր ուսումնասիրություններ։ Նա բարձր գնահատեց Նալբանդյանի՝ գրքին, գիտությանը և մշակույթին աջակցելու պատրաստակամությունը՝ այն դիտարկելով որպես ազգային արժեքների պահպանությանն ու տարածմանը ծառայող կարևոր գործունեություն։
ՎՊՀ պատվավոր դոկտոր Հովսեփ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց համալսարանին, ՎՊՀ գիտական խորհրդին՝ ի դեմս ռեկտոր Արմեն Ծատուրյանի, իր գործունեությունը բարձր գնահատելու և պատվավոր կոչմանն արժանացնելու համար։ Նա կարևորեց 21-րդ դարում գրքերի հրատարակության շարունակականությունը՝ նշելով, որ համացանցն ու գիրքը պետք է զարգանան զուգահեռ՝ չխոչընդոտելով միմյանց, և ուսանողներին հորդորեց ընթերցել գիտելիքը խորացնելու, միտքը զարգացնելու և աշխարհընկալումը ընդլայնելու համար։
Պրոֆեսոր Ֆ․ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ՎՊՀ ռեկտորին պատվավոր դոկտորի կոչման ինստիտուտը համալսարանում կյանքի կոչելու համար, գործընկերներին՝ իր աշխատությունն արժևորելու համար, ինչպես նաև Հովսեփ Նալբանդյանին՝ իր աշխատության հրատարակությանն աջակցելու, համալսարանի հետ երկարամյա կապը պահպանելու և բուհին մշտապես արժեքավոր գրականություն նվիրաբերելու համար։
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է մեծանուն բարերար Հովսեփ Նալբանդյանին և պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանին։ Մաղթում է նրանց առողջություն, անսպառ եռանդ և նորանոր ստեղծագործական հաջողություններ՝ ի նպաստ հայապահպանության, կրթության ու գիտության զարգացման:

















