Էլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր

Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Էլֆիք Զոհրաբյանը 3 ամսում երկու միջազգային հաղթանակ ունեցավ. Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում 180 պիեսների մեջ նրա պիեսն ընդգրկվեց լավագույնների մեջ և ճանաչվեց հաղթող, իսկ  Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» մրցույթում՝ կրկին դափնեկիր (անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում)։

Ժյուրիի անդամներից շատերը Լոնդոնից էին, իսկ ուկրաինացի հեքիաթագիր, փորձագետ և գրական մենթոր Վալերիա Ստրեկալովսկայան, անդրադառնալով հեքիաթագրին, նշեց, որ «Էլֆիք Զոհրաբյանն ունի իր անկրկնելի ոճն ու ինքնատիպությունը»։  Ուզբեկստանից հայտնի մանկագիր Ելենա Մակարովան առանձնացնում է հեքիաթագրի «Փետրվարի 30» գիրքը`շեշտադրելով  «Յոթ օր, յոթանասուն տարի» հեքիաթի փիլիսոփայական խորքը. «Կարելի է սեփական կյանքն ապրել իմաստավորված յոթ օրվա ընթացքում, ու կարելի է ապրել նաև յոթանասուն տարի։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում»։ Ալմաթիի հանդիպումը, նրա կարծիքով, եղավ «առաջին քայլը, առաջին աստիճանը դեպի Էլֆիքի նման նոր արևի ծագումը»։

Իր շնորհակալական խոսքում Է. Զոհրաբյանը խոսեց հայ ազգային հեքիաթի ավանդույթի մասին, մեջբերեց Հովհ. Թումանյանին, ապա, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը  Ալմաթիում իր մասնակցությունն ապահովելու համար, ամփոփեց խոսքը`  մեկ քառյակ ղազախերեն արտասանելով դասական պոետ Աբայ Կունանբաևից։

              Մրցանակաբաշխությունից հետո բազմազգ մրցանակակիրներին հրավիրեցին Եվրասիայի ամենամեծ՝ Ալ Ֆարաբիի անվան համալսարան՝ հանդիպելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ։ Այնտեղ հայ հեքիաթագիրը պատմեց Հայաստանի գրական ու մշակութային կյանքի մասին և էկրանի առջև հայտնվող ապագա լրագրողներին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց ձայնի մշակվածության, մատուցման արվեստի գաղտնիքների մասին։ Հեքիաթագիրը նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն է, և իր նախաձեռնությամբ պաշտոնական այցով հանդիպեց Թ. Ժուրգենովի անվան արվեստների ակադեմիայի դեկանների ու միջազգային կապերի բաժնի ղեկավարի հետ։ Քննարկեցին համագործակցության հեռանկարները՝ ի նպաստ ուսանողների: 

Previous Article
Next Article