ՎՊՀ-ի աշխատակիցների այցը Մարիբորի համալսարան, Սլովենիա

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական Լուսիկ Վարդանյանը և միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը 2026 թ․ մայիսի 18-22-ը մասնակցել են Սլովենիայի Մարիբորի համալսարանում կազմակերպված «Շարժունության միջոցով կամուրջների կառուցում» խորագրով վերապատրաստման միջազգային շաբաթին։

Ծրագրի շրջանակում իրականացվել են մասնագիտական հանդիպումներ, փորձի փոխանակման քննարկումներ և ներկայացումներ՝ նվիրված Erasmus+ ծրագրի շրջանակում միջազգային համագործակցության զարգացմանը, ակադեմիական շարժունության խթանմանը և բարձրագույն կրթության արդի մարտահրավերներին։

Միջոցառման մեկնարկային օրը մասնակիցները ներկայացրին իրենց համալսարանները։ ՎՊՀ-ի կրթական և միջազգային գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն տրամադրվեց Գոհար Դոխոլյանի կողմից, իսկ Լուսիկ Վարդանյանը ներկայացրեց ՎՊՀ-ում գործող Էրազմուս+ կարողությունների զարգացման «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի հիմնական նպատակը, խնդիրները և նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները։

Մայիսի 20-ին հյուրերը մասնակցեցին «Բարձրագույն կրության բնագավառում ուսանողների շարժունության վերաիմաստավորում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ քննարկվեցին ուսանողական շարժունության վերաիմաստավորման և բարձրագույն կրթության միջազգայնացման արդի միտումները։ Ծրագրում ներառված էին նաև համալսարանական կառույցների այցելություններ, մշակութային միջոցառումներ և աշխատանքային հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

Մասնակցությունը մեծապես կնպաստի մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և եվրոպական բարձրագույն կրթության ոլորտի առաջավոր փորձի ուսումնասիրությանը։

Previous Article