«Հույսի գարուն» մրցույթ-փառատոն

Ապրիլի 29-ին Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում կայացավ «Հույսի գարուն» մրցույթ-փառատոնը։

Փառատոնը կազմակերպվել էր ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև արվեստի և սպորտի ամբիոնի ջանքերով։

Միջոցառումը համախմբել էր ՎՊՀ աշխատակազմին, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներին, մարզի դպրոցականներին, արվեստասեր հանրությանը։ Փառատոնի նպատակն էր խթանել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը և ձևավորել հարթակ՝ ներկայացնելու և արժևորելու նրանց աշխատանքները։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը, «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը, գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Մոնրեալի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ  Փափագ Ալոյանը։ Նրանք կարևորեցին կրթության և մշակույթի համագործակցության դերը երիտասարդների գեղագիտական դաստիարակության և ստեղծագործական մտածողության զարգացման գործում։

Ռեկտոր Արմեն Ծատուրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նախաձեռնությանը նախորդել է բավականին մեծ ու  նպատակային աշխատանք։ Նա հույս հայտնեց, որ համալսարանի և Կերպարվեստի թանգարանի միջև ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական և բազմակողմանի՝ ընդգրկելով ինչպես գիտական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ նպաստելով ուսանողների գեղագիտական ու մասնագիտական զարգացմանը։

Միջոցառման շրջանակում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՎՊՀ-ի և Կերպարվեստի թանգարանի միջև, որը միտված է համատեղ ծրագրերի իրականացմանը և ուսանողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Փառատոնի գեղարվեստական մասում հանդես եկան ՎՊՀ «Բիայնա» երգչախումբը, կիթառահարների խումբը՝ Սյուզաննա Արոյանի ղեկավարությամբ, քանոնահարուհի Շուշանիկ Քարհանյանը և «Ադելաս» պարային համույթը։

Մրցութային աշխատանքները գնահատեց մասնագիտական ժյուրին, որի կազմում էին ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտներ Համլետ Չատինյանն ու Աննա Հովհաննիսյանը, գեղանկարիչ Փափագ Ալոյանը և թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը։

Միջոցառման ավարտին ամփոփվեցին մրցույթի արդյունքները և տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ համալսարանի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը․ «Այսօր մենք վայելեցինք արվեստի  իսկական տոն, որը միավորեց Լոռու մարզի շնորհալի պատանիներին։ Մենք ականատեսը եղանք, թե ինչպես է երիտասարդ սերունդը տեսնում և վերապրում աշխարհը՝ կտավի մեջ ներդնելով մի կտոր հույս և անկեղծություն․․․ Շնորհավորում եմ բոլորիս և խորին երախտագիտությունս եմ հայտնում ՎՊՀ ռեկտորին, արվեստի և սպորտի ամբիոնին, մշակույթի կենտրոնին  և Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի անձնակազմին»։





Previous Article