«Գիտական նորարարությունները երիտասարդության գիտական ներուժը» խորագիրը կրող 15-րդ հանրապետական գիտաժողով
Ապրիլի 30-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում ուսանողական գիտական ընկերության և գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի կողմից կայացավ «Գիտական նորարարությունները երիտասարդության գիտական ներուժը» խորագիրը կրող 15-րդ հանրապետական գիտաժողովը:
Լիագումար նիստին բացման խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար, կ․գ․թ․, դոցենտ Արմենուհի Հարությունյանը, ՈւԳԸ նախագահ Գոհար Դավթյանը։
Լիագումար նիստը վարեց Ա․ Հարությունյանը։
Հանրապետական 15-րդ գիտաժողովի լիագումար նիստին ելույթ ունեցան Վանաձորի պետական համալսարանի ուսանողներ Մարիամ Գևորգյանը՝ «Ռուս-ճապոնական հակամարտության ակունքները» զեկույցով և Ալինա Այդինյանը՝ «Սթրեսի հաղթահարման ռազմավարությունների և ինքնիրացման կապը ուսանողների շրջանում» զեկույցով:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում:
Զեկուցումներով ելույթ ունեցավ 42 ուսանող՝ Վանաձորի և Գավառի պետական համալսարաններից։
Գիտաժողովի ավարտին զեկուցողները ստացան մասնակցության հավաստագրեր:
Պարգևատրվեցին նաև յուրաքանչյուր բաժանմունքի լավագույն զեկուցողները, որոնց զեկույցներն ընտրվել էին բաժանմունքների ղեկավարների կողմից։ Դրանք են՝
Իռա Չատինյանի «Տիգրան Երրորդի գահակալության իրավական հիմքերը սեփական դրամների պատկերագրական լույսի ներքո» հոդվածը (պատմություն),
Աննա Ասլանյանի «Անմահության խնդիրը Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպում» հոդվածը (հայ բանասիրություն),
Գոհար Դավթյանի «Լույսի ճառագայթների ընթացքը փոփոխական բեկման ցուցիչով մթնոլորտում» հոդվածը (ֆիզիկա),
Արինա Սարգսյանի «Պատկերների դասակարգման ավանդական ալգորիթմների և խորը ուսուցման մեթոդների համեմատական վերլուծություն» հոդվածը (մաթեմատիկա և ինֆորմատիկա),
Անի Անանյանի «Ավագ դպրոցականների հուզական ոլորտի և որոշումների ընդունման հարաբերակցությունը» հոդվածը (հոգեբանություն և սոցիոլոգիա)
Սերգեյ Մանուկյանի «Վարքագծային ֆինանսները թվային տեխնոլոգիաների դարաշրջանում» հոդվածը (տնտեսագիտություն),
Հարություն Բաբաջանյանի «Գինու զբոսաշրջության արդի վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանում» հոդվածը (սերվիս)։



