Հանդիպում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրայր Պալյանի հետ
2026 թվականի հոկտեմբերի 6-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրայր Պալյանի հետ։
Ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, «Պատմություն» մասնագիտության ուսանողներ և շրջանավարտներ։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը և պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արթուր Մելիքյանը։ Վերջինս ներկայացրեց հյուրի կենսուղին, ապա նշեց, որ բանախոսի հետ հարցուպատասխանը օգտական կլինի ներկաների մասնագիտական աշխարհայացքի ընդլայնման համար։ «Ուրախալի է, որ համալսարանում հնարավորություն է ստեղծվում վերականգնելու և շարունակելու հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներին հրավիրելու և նրանց մասնակցությամբ բանախոսությունների կազմակերպման ընդհատված ավանդույթը»,— նշեց Ա․ Մելիքյանը։
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Հրայր Պալյանը ելույթ ունեցավ «Ազգ, պետություն, սփյուռք» թեմայով դասախոսությամբ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության միջազգային դրության, Արցախյան բանակցային գործընթացի, հայրենիք-սփյուռք հարաբերությունների և համազգային այլևայլ հիմնախնդիրների մասին։ Հանդիպումը կարևոր հնարավորություն էր դասախոսների և ուսանողների համար՝ խորացնելու թեմայի վերաբերյալ իրենց գիտելիքները, ծանոթանալու մասնագիտական դիտարկումներին և ընդլայնելու պատմական ու հասարակական գործընթացների վերաբերյալ իրենց պատկերացումները։






