Վերապատրաստման դասընթաց Էրազմուս+ ծրագրի SMARTI նախագծի շրջանակներում
Էրազմուս+ ծրագրի SMARTI` «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» նախագծի շրջանակներում կազմակերպվում է «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» խորագրով վերապատրաստման դասընթաց (աշխատանքային լեզուն՝ անգլերեն):
Դասընթացին կարող են մասնակցել ՎՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներ և ուսանողներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է (15-20 հոգի): Նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվի իմացությամբ մասնակիցներին, որոնք պետք է դասավանդեն բակալավրիատի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ոչ մասնագիտական առարկաներ, ինչպես նաև՝ մագիստրատուրայի «Ծրագրային ճարտարագիտություն» կրթական ծրագրի դասընթացներ:
Վերապատրաստումը կիրականացնեն SMARTI նախագծի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և նախագծի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը, որոնք վերապատրաստվել են վերոնշյալ խորագրով դասընթացին Պորտուի կաթոլիկ համալսարանում (Պորտուգալիա) ս/թ հունվարի 16-ից 22-ը:
Վերապատրաստման դասընթացի ընթացքում նախատեսվում է վեց հանդիպում (յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ երեք ժամ):
Դասընթացի ժամանակացույց
28 մարտի, 2022թ., 18:00- 21:00
30 մարտի, 2022թ., 18:00- 21:00
2 ապրիլի, 2022թ., 10:00- 13:00
5 ապրիլի, 2022թ., 18:00- 21:00
7 ապրիլի, 2022թ., 18:00- 21:00
9 ապրիլի, 2022թ., 10:00- 13:00
Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին գրանցվելու համար կամ հարցերի պարագայում գրել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ foreign@vsu.am կամ դիմել գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ, SMARTI նախագծի աշխատակից Գոհար Դոխոլյանին (հեռ.՝ 093808663):