«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուի կաթոլիկ համալսարանում՝ խառնուսուցման ձևաչափով
Հունվարի 16-ից 22-ը Պորտուի կաթոլիկ համալսարանում կայացավ SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով») ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով մեկշաբաթյա վերապատրաստում՝ խառնուսուցման ձևաչափով: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան հյուրընկալող համալսարանի դասախոս, ծրագրի առաջին և չորրորդ աշխատանքային փաթեթների ղեկավար Էդուարդո Կարդոսոն և ծրագրի դրամաշնորհառու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը:
Վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից: Վերապատրաստումներն իրականացնում էին Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Էդուարդո Կարդոսոն, Թիմ Հոգը Պորտուի կաթոլիկ համալսարանից, պրոֆեսորներ Մորին Ռոյսը, Ռայան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնտը Լիվերպուլի/ՄԹ/ Ջոն Մուրսի համալսարանից և Եվա Ցիմելեն, Մարիա Պլատոնովան, Տատյանա Սմիռնովան Ռիգայի տեխնիկական համալսարանից: ՎՊՀ-ից վերապատրաստումներին մասնակցում էին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը:
Վերապատրաստման դասընթացները հագեցած էին տեսական նյութով և գործնական աշխատանքներով, որոնք հիմնականում իրականացվում էին խմբային ակտիվ քննարկումներով։ Վերապատրաստման թեմաները հիմնականում առնչվում էին ակադեմիական գրավոր խոսքի տեսակներին ու առանձնահատկություններին, անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, ուսանողակենտրոն ուսուցման ռազմավարությանը, մոդուլների մշակմանը, կրթական վերջնարդյունքների ձևակերպմանը, Բլումի տաքսոնոմիայի կիրառմանն ու գիտելիքների չափանիշահեն գնահատմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մի շարք վերապատրաստումներ գործընկեր բուհերում՝ դասընթացի տրամադրած նյութերի հիման վրա: