ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Վանաձորի պետական համալսարանում հերթական անգամ անցկացվեց «Բաց դռների օր» միջոցառումը, որի նպատակներից էին ապագա դիմորդներին ընդունելության կարգին ծանոթացնելը, հետաքրքրող հարցերին պատասխանելը:
Հանդիպմանը հյուրերին ողջունեց ՎՊՀ ռեկտոր, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Կարևորելով բուհ-դպրոց կապերի ամրապնդումը՝ ռեկտորը նշեց, որ դիմորդներն ու ծնողները կարող են անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ հենց համալսարանից:
Աշակերտների ու նրանց ծնողների հարցերին պատասխանեցին ՎՊՀ ռեկտորը, բուհի 3 ֆակուլտետների դեկանները, քոլեջի տնօրենը: Հարցերը հիմնականում վերաբերում էին ընդունելության կարգին, քննություններին, ուսանողական նպաստներին և զեղչերին, իսկ ուսանողական կյանքի մասին ներկաների հետ կիսվեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մարիամ Հակոբյանը:
Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ:
Սեփ. լրատվություն