Վանաձորի պետական համալսարանը՝ հայ-ռուսական գիտակրթական երկխոսության միջազգային հարթակում
2026 թվականի նոյեմբերի 12–14-ը Մոսկվայում՝ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում, անցկացվել է 2-րդ Ռուս-հայկական գիտակրթական ֆորումը, որին մասնակցել են Վանաձորի պետական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հեղինե Օհանյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սվետլանա Բարսեղյանը։
Ֆորումը Հայ-ռուսական գիտակրթական համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային հարթակ էր, որը միավորել էր Հայաստանի և Ռուսաստանի առաջատար համալսարանների, գիտական կազմակերպությունների, պետական կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։
Ֆորումի օրակարգը ներառել է գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման արդիական հարցեր՝ համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացում, կրթական ծրագրերի ընդլայնում, ակադեմիական շարժունության խթանում, ժամանակակից կրթական միջավայրի ձևավորում և համալսարանների միջև գործընկերային կապերի ամրապնդում։ Առանձին քննարկումներ են նվիրվել նաև լեզվի և մշակույթի նշանակությանը միջմշակութային երկխոսության, ներառական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման և տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման համատեքստում։
Միջոցառման շրջանակում ընդգծվել է գիտակրթական գործընկերության շարունակականության և համատեղ նախաձեռնությունների գործնական իրագործման կարևորությունը։
Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունը նման միջազգային գիտակրթական հարթակում կարևոր նշանակություն ունի համալսարանի մասնագիտական և ակադեմիական կապերի ընդլայնման, միջբուհական համագործակցության հնարավորություններին ծանոթանալու և ժամանակակից գիտակրթական գործընթացներում ներգրավվածության ամրապնդման տեսանկյունից։
Ռուս-հայկական գիտակրթական ֆորումը ևս մեկ անգամ ընդգծել է գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացման կարևորությունը՝ որպես երկու երկրների համալսարանների միջև երկարաժամկետ և արդյունավետ գործընկերության հիմք։









