Տեղեկատվական հանդիպում DAAD-ի ներկայացուցիչների հետ
2026 թվականի սեպտեմբերի 7-ին ՎՊՀ-ում հյուրընկալվեցին DAAD (Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալություն) կազմակերպության ղեկավար Սիլվիա Շմիդը, Հայաստանի համար նախատեսվող կրթաթոշակների և կրթական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանը և նույն ծրագրերի Վրաստանի պատասխանատու Նինո Անտաձեն։
Այցի նպատակն էր անցկացնել տեղեկատվական հանդիպում DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև տեղում ծանոթանալ ՎՊՀ-ի գործունեությանը։ Առաջարկվող ծրագրերը նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող աշխատակիցների համար։
Մասնակիցներին ողջունեց համալսարանի միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը՝ ընդգծելով DAAD-ի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա նշեց, որ ծրագիրը գրեթե ամեն տարի ՎՊՀ-ի ուսանողներին կրթաթոշակ ստանալու հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև անդրադարձավ հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Իր փորձառությամբ կիսվեց նաև այս տարվա կրթաթոշակակիր, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Մխիթարյանը, որը չորսշաբաթյա գերմաներենի ամառային դասընթաց է անցել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Նա խանդավառությամբ նշեց ոչ միայն գերմաներենի իմացության բարելավումը, այլև գերմանական մշակույթին, եվրոպական կենսակերպին և միջազգային միջավայրին ծանոթանալու արժեքավոր փորձը։
Նշենք, որ Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը Գերմանիայի ամենախոշոր դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունն է (www.daad-georgia.org):






