ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ SMARTI ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
22.04.2022-ին ՎՊՀ-ում ամփոփվեց Էրազմուս+SMARTI նախագծի շրջանակներում իրականացված անգլերենի ներբուհական դասընթացը՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/ Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով: Այն անցկացվել էր մարտի 28-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացի մասնակիցների թիվը 22-ն էր, այդ թվում՝ դասավանդող, վարչական կազմի աշխատակիցներ և ուսանողներ:
Վկայականները հանձնելիս ամփոփիչ խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր,տեխ.գ.դ., պրոֆ. Ռուստամ Սահակյանը և SMARTI նախագծի ՎՊՀ համակարգող Լուսիկ Վարդանյանը: Նրանք ողջունեցին այն փաստը, որ բուհում ձևավորվել է օտարալեզու մոդուլ դասավանդող թիմ։ Դասընթացի մթնոլորտը գնահատվեց բավականին գործուն և կառուցողական, ինչի համար շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին: Ռեկտորը, որը նույնպես եղել է դասընթացի մասնակիցներից, իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Լուսիկ Վարդանյանին դասընթացի կայացման ուղղությամբ ներդրած մեծ ջանքի ու համբերատարության համար: Լ. Վարդանյանն ուրախությամբ նշեց, որ թեև մասնակիցների անգլերենի իմացության մակարդակները տարբեր էին, բայց դա չխանգարեց դասերի ժամանակ աշխույժ և արդյունավետ համագործակցությանը , քանի որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները մեծ ոգևորությամբ էին ներգրավվել աշխատանքներին՝ պատշաճորեն կատարելով ոչ միայն լսարանային, այլև տնային առաջադրանքները:
Դասընթացի մասնակիցներն էլ, իհարկե, շնորհակալության խոսքեր հղեցին կազմակերպիչներին, մասնավորապես՝ Լուսիկ Վարդանյանին դրսևորած մասնագիտական բարձր հմտության, մեծ նվիրման, դասընթացի ինքնատիպ կառուցվածքի, ստացած օգտակար և հարուստ գիտելիքների համար՝ ոչ միայն անգլերենին, այլև ակադեմիական լայն թեմաներին վերաբերող:
Վկայականների հանձնումը գնահատվեց դասընթացի հաջող ավարտ՝ ձեռք բերված գիտելիքները շարունակաբար զարգացնելու և նպատակին ծառայեցնելու պատրաստակամությամբ: