Ազգային գրադարանային շաբաթ ՎՊՀ-ում

                                   Ազգային գրադարանային շաբաթ ՎՊՀ-ում

Ամեն տարի ապրիլին Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ  կազմակերպվում է «Ազգային գրադարանային շաբաթ»: Մասնագիտական-մշակութային այս միջոցառումների իրականացման հիմնական նպատակն է հանրության տարբեր շերտերի ուշադրությունը հրավիրել գրադարանների ու գրադարանային խնդիրների, մարդկության գրավոր ժառանգության պահպանության գործում նրանց ունեցած ներդրման վրա: «Ազգային գրադարանային շաբաթ»-ի առաքելությունն է բացահայտել և ներկայացնել գրքի և ընթերցանության կարևոր դերակատարումը գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորման գործում:

Այս տարի «Ազգային գրադարանային շաբաթ»-ը կազմակերպվեց ապրիլի 18-25-ը և նվիրված էր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին:

 Գրադարանային մշակութային այս կարևոր իրադարձությանը մասնակցեց նաև ՎՊՀ գրադարանը՝ միջոցառումների իր շարքով: Ձևավորվեց թեմատիկ ցուցադրապահարան, ցուցադրվեցին ինչպես Եղիշե Չարենցի, այնպես էլ նրան նվիրված գրքեր:

Կազմակերպված միջոցառումների շրջանակում գրադարանի ընթերցողները լսեցին բ.գ.թ., դոցենտ Գ. Մալումյանի «Մեզ անծանոթ Չարենցը» բանախոսությունը, դիտեցին «Մահվան տեսիլ» ֆիլմը:

Միջոցառումներին ակտիվ մասնակցեցին ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի սաները: ՎՊՀ քոլեջի ուսանողները գրադարանի ընթերցասրահում անցկացրեցին բաց դաս՝ նվիրված Ե. Չարենցի 125-ամյակին (դասախոս Կ. Սողոյան), իսկ ՎՊՀ հենակետային վարժարանի մի խումբ աշակերտուհիներ «Ազգային գրադարանային շաբաթ»-ին ներկայացան «Չարենցի կանայք» տպավորիչ բեմադրությամբ (կազմակերպիչ՝ Շ. Ներսիսյան):

«Ազգային գրադարանային շաբաթ-2022»-ին նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանը հյուրընկալեց Ե. Չարենցին նվիրված մենագրությունների հեղինակ, գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գիտական առողջ մթնոլորտում ծավալվեց ակտիվ քննարկում: Ներկաները խոսեցին Չարենցի, գրադարանների և գրքերի մասին:

«Ազգային գրադարանային շաբաթ-2022»-ն ամփոփվեց ապրիլի 25-ին՝ Եղիշե Չարենցի մասին թեմատիկ տեսանյութի ցուցադրությամբ և մեծ գրողի բանաստեղծությունների խոսքերով գրված երգերի ունկնդրությամբ:

Միջոցառումների մասնակիցները, որոնց թվում էին ինչպես բուհի ուսանողության, պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի, այնպես էլ քաղաքային գրադարանների ներկայացուցիչներ, նշեցին, որ գրադարանում կազմակերպվող մասնագիտական, գիտա-կրթական և ուսումնա-ճանաչողական միջոցառումներն ակտիվացնում են ուսանողության առօրյան, նպաստում վերջիններիս լայն աշխարհայացքի և մշակութային ճաշակի ձևավորմանը:

Previous Article
Next Article