Վանաձորի պետական համալսարանում բացվել է Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոն (SMART CAFFE)
Հուլիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոն-ը (SMART CAFFE): Կարմիր ժապավենը կտրելուց և հյուրերին կենտրոն հրավիրելուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:
Կենտրոնի բացման առթիվ բուհի աշխատակիցներին և ուսանողներին շնորհավորեցին նաև ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ` Արամ Գրիգորյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Ծրագիրն իրականություն է դարձել Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-արդյունաբերություն» կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT) նախագծի շրջանակում:
ՎՊՀ կերպարվեստ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գևորգ Կոնինյանն ու նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Ստելլա Առաքելյանը ռեկտոր Ռ. Սահակյանի կողմից արժանացան շնորհակալագրերի՝ կենտրոնի վերանորոգման և ներքին հարդարանքի համար տարվող աշխատանքներին մասնակցություն ունենալու համար:
Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջեցին և ծանոթացան կենտրոնի հնարավորություններին, իսկ խորհրդանշական տորթը կտրվեց Վանաձորի համայնքապետարանի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանի ձեռամբ:
Նորաբաց և ժամանակակից պահանջներին համապատասխանող Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնը (SMART CAFFE)-ն հնարավորություն կտա բուհի ուսանողներին և դասախոսներին մասնակցելու վերապատրաստումների, ինտերակտիվ մեթոդներով կազմակերպվող դասընթացների՝ նաև թվային տիրույթում, ունենալ տարատեսակ քննարկումներ, ստեղծել և զարգացնել գաղափարներ, այդ թվում՝ բիզնես ուղղվածության: Այս ամենը կնպաստի վերջիններիս մասնագիտական աճին, նոր հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև աշխատաշուկայում լավագույնս ներկայանալուն: