Վանաձորի պետական համալսարանը հանդիսավոր արարողությամբ ամփոփեց 2021-2022 ուսումնական տարին
Վանաձորի պետական համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Միջոցառումը նպատակ ուներ ամփոփելու համալսարանական տարին և երախտագիտություն հայտնելու բուհի աշխատակիցներին, ովքեր ջանք չեն խնայել ամբողջ տարվա ընթացքում՝ համալսարանի պատիվը բարձր պահելու համար:
Հանդիսությունը մեկնարկեց համալսարանի գործունեության վերջին մեկ տարին ամփոփող տեսանյութով, որտեղ զետեղված են հաշվետու տարում բուհի ձեռքբերումներն ու նշանակալի իրադարձությունները, որոնք վերստին հաստատում են, որ Վանաձորի պետական համալսարանը հիրավի արժանի է մարզում լավագույնի կոչմանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը:
Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային համույթը՝ «Լայթ տրիո» խմբի երաժիշտների ընկերակցությամբ, Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախումբը՝ գեղ. ղեկ.՝ ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Հարությունյան, նվագակցությունը՝ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Կարինե Երիցյանի:
Սահյանական ընթերցումներով հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը:
Չնայած ՎՊՀ մշակույթի կենտրոնն ամեն ինչ արել էր՝ միջոցառումը բարձր մակարդակով և ուրախ տրամադրությամբ անցկացնելու համար, բայց չէր մոռացել մի կարևոր հանգամանքի մասին, ինչը ներկաներին ստիպեց ապրել տխրության, միաժամանակ նաև հպարտության զգացում: ԲՈՒՀ-ը չի մոռացել և չի մոռանա հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս-շրջանավարտներին և ուսանողներին: Խորհրդանշական և անչափ հուզիչ ելույթով հանդես եկավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Սաքանյանը:
Դե իսկ միջոցառման ամենասպասված մասը, թերևս, պարգևատրման արարողությունն էր: Բուհի տասնյակ աշխատակիցներ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի կողմից շնորհակալագրերի արժանացան:
Պարգևատրման արարողությունն անցավ ջերմ մթնոլորտում՝ ակնկալիքով, որ այն շարունակական կլինի՝ խրախուսելով բուհի աշխատակիցներին:
Միջոցառման մասնակիցները հոտնկայս վայելեցեին Վանաձորի պետական համալսարանի հիմնը (հեղ.՝ ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ, կոմպոզիտոր Հայկուհի Հակոբյան)՝ բուհի աշխատակիցների և ուսանողների կատարմամբ: Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց խմբերգով: