ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

Երիտասարդությունը կյանքի այն հրաշալի ժամանակն է, երբ ապագան դեռ հարցականների տեսքով է ներկայանում, բայց յուրաքանչյուր հարցի մեջ մի նոր ճանապարհ բացելու հնարավորություն կա։ Երբ երազանքները դեռ չեն ճանաչում սահմաններ, իսկ աշխարհը սպասում է ձեր մտքերին, ընտրություններին ու համարձակ քայլերին։

Սիրելի՛ ուսանողներ, երբեք մի՛ կորցրեք ձեր ներսում ապրող այն մարդուն, ով ցանկանում է ավելին իմանալ, ավելին ստեղծել և ավելին փոխել։ Մի՛ վախեցեք մեծ նպատակներից, անսովոր գաղափարներից ու դժվար հարցերից։ Հաճախ հենց այն ճանապարհներն են տանում դեպի ամենակարևոր ձեռքբերումները, որոնք սկզբում անհնարին են թվում։

Ցանկանում եմ, որ ձեր կյանքում միշտ լինի երազելու համարձակություն, ընտրություն կատարելու ազատություն և ձեր ընտրության համար պատասխանատվություն ստանձնելու ուժ։ Թող գիտելիքը ձեզ համար երբեք չլինի պարզապես հաջողության հասնելու միջոց, այլ դառնա աշխարհն ավելի լավը դարձնելու հնարավորություն։

Թող ձեր ճանապարհին երբեք չպակասեն բացահայտումները, ձեր մտքում՝ նոր գաղափարները, իսկ սրտում՝ այն հավատը, որ ամեն ինչ դեռ առջևում է։ Եվ երբ տարիներ անց հետ նայեք, կարողանաք ասել՝ ՎՊՀ-ում ես ոչ միայն սովորեցի իմ մասնագիտությունը, այլև գտա ինքս ինձ։

Շնորհավոր Ուսանողների միջազգային օրը։ Թող ձեր յուրաքանչյուր նոր օրը լինի մի նոր բացահայտում, իսկ ձեր ապագան՝ ձեր իսկ համարձակ մտքերի ու մեծ աշխատանքի ամենագեղեցիկ շարունակությունը։

Սիրով և լավագույն մաղթանքներով՝

ՎՊՀ ռեկտոր
Արմեն Ծատուրյան

Previous Article
Next Article