Հանդիպում տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ

Նոյեմբերի 12-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանդիպումներ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հանդիպումներն իրականացվեցին «ԱՐՓԻ» հասարակական կազմակերպության միջնորդությամբ՝ կազմակերպության ղեկավար Սոֆիկ Մինասյանի և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովայի մասնակցությամբ։

Հանդիպումների սկզբում ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով տեղեկատվական անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը հատկապես մեր օրերում, երբ թվային միջավայրում խարդախություններն ու անձնական տվյալների չարաշահման դեպքերը գնալով ավելի տարածված են դառնում։ Նա շնորհակալություն հայտնեց Սամվել Մարտիրոսյանին և նախաձեռնության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած բոլոր կողմերին՝  նման կարևոր և ուսանելի հանդիպումներ կազմակերպելու համար։

Այնուհետև ելույթ ունեցավ «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան։ Նա ևս կարևորեց նման հանդիպումների դերը՝ նշելով, որ իրազեկվածության բարձրացումը հատկապես կարևոր է արագ փոփոխվող թվային միջավայրում։ Վիկտորիա Ավակովան անդրադարձավ նաև համալսարանի հետ հետագա համագործակցության հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ նախաձեռնությունները։

Հանդիպումների ընթացքում Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց տեղեկատվական խարդախությունների տարածված ձևերը, դրանց կիրառման մեխանիզմներն ու այն հնարքները, որոնց միջոցով խարդախները փորձում են մոլորեցնել մարդկանց և հասանելիություն ստանալ նրանց անձնական տվյալներին։ Մասնագետը խոսեց կեղծ էլեկտրոնային նամակների, խաբուսիկ հղումների, անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման և առցանց միջավայրում հանդիպող այլ վտանգների մասին՝ ներկայացնելով նաև իրական կյանքում հաճախ հանդիպող իրավիճակներ։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես տարբերել իրական հաղորդագրությունը կեղծից, ինչ նշաններով ճանաչել կասկածելի հղումները և ինչ քայլեր ձեռնարկել անձնական ու ֆինանսական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար։ Մասնագետը շեշտեց, որ թվային խարդախությունների զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, իսկ դրանցից խուսափելու առաջին պայմաններից մեկը զգոնությունն ու տեղեկատվական գրագիտությունն են։

Քննարկումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողներն ու աշխատակիցները հետաքրքրվեցին իրենց առօրյայում հանդիպող տարբեր իրավիճակներով, բարձրաձայնեցին իրենց հարցերը և ստացան մասնագիտական պարզաբանումներ։

Հանդիպումների ավարտին տեղի ունեցավ քննարկում ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանի և ռեկտոր Արմեն Ծատուրյանի մասնակցությամբ։ Քննարկվեցին համալսարանում նմանօրինակ կարևոր հանդիպումների շարունակականությունն ապահովելու և հետագա համագործակցության հնարավորությունները։

Այս հանդիպումը ևս մեկ առիթ էր խոսելու մի խնդրի մասին, որն արդեն դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը։ Թվային տեխնոլոգիաներն անսահման հնարավորություններ են ընձեռում, սակայն դրանցից օգտվելը պահանջում է նաև գիտելիք, պատասխանատվություն և զգուշավորություն։ Երբեմն մեկ չստուգված հղումը կամ մեկ անզգույշ քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ուստի կարևոր է ոչ միայն իմանալ, թե ինչ վտանգներ կան առցանց միջավայրում, այլև սովորել ժամանակին ճանաչել դրանք և պաշտպանել ինքներս մեզ։

Previous Article