Արցախյան հերոսամարտերին նվիրված սեմինար-քննարկում՝ Վանաձորի պետական համալսարանում
Նոյեմբերի 30-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ Արցախյան գոյամարտերին նվիրված սեմինար-քննարկում: Միջոցառումը նախաձեռնել էր համալսարանի ՈՒԳԸ նորընտիր նախագահ Լիլիթ Հակոբյանը, զեկույցներով հանդես եկան «Պատմություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողուհիներից:
Յուրաքանչյուր ուսանող անդրադարձավ Արցախյան որևէ հերոսի կյանքին ու գործունեությանը, սխրանքներին և սերունդներին թողած պատգամներին. Թաթուլ Կրպեյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Լեոնիդ Ազգալդյան, Ադամ Սահակյան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, Արման Ղուլյան՝ 44-օրյա պատերազմի հերոս, Բորիկ և Նարեկ Մոսինյաններ (Բորիկն անմահացել է 44-օրյա պատերազմին):
Տարբեր էին նրանց ապրած ժամանակները, կյանքի ու մահվան մասին պատկերացումները, նախասիրություններն ու բնավորության գծերը, ծննդավայրը, բայց նրանց միավորողը մեկն էր՝ սերն առ հայրենիքը, որի փրկության ու հզորության համար յուրաքանչյուրը չխնայեց ոչինչ:
Որքան էլ միջոցառումը հուզումնառատ էր, պատգամը մեկն էր՝ հիշել, հիշեցնել մեր ազգային հերոսներին և նրանց միջոցով փոխանցել սերունդներին, որ դեռ պարտք ունենք կատարելու:
«Որքան էլ որ դժվար է խոսել նման միջոցառումներին, բայց և չխոսելն առավել դժվար է, քանզի նման միջոցառումները հոգու ինչ-որ փոքրիկ անկյունում սպեղանի են դառնում, որ մեր տղաների սխրանքը չի մոռացվում», — ասաց հերոսացած Արման Ղուլյանի մայրը՝ Հերմինե Աբելյանը:
Արցախյան հերոսներին նվիրված միջոցառումն ավարտվեց «Զինվորի հայրը» բանաստեղծության ընթերցմամբ: Շնորհվեցին նաև հավաստագրեր՝ միջոցառման մասնակիցներին և շնորհակալագրեր՝ Վանաձորի պետական համալսարանի գրադարանին: