Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտը ՎՊՀ-ում կազմակերպեց «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» թեմայով դասընթաց

Մարտի 24-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու  իրավունքները» թեմայով դասընթաց, որը նախաձեռնել էր «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավուքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հայաստանյան գրասենյակը։

Դասընթացի նպատակը երիտասարդների բնապահպանական իրազեկվածության բարձրացումն էր և նրանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում: Հանդիպումը նաև կարևոր նախապատրաստական քայլ էր 2026 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ:

Դասընթացը մեկնարկեց ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանի և ՌՎԻ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Մելինե Ավագյանի ողջույնի խոսքերով։

Դասընթացի գործնական մասը մեկնարկեց «Շրջակա միջավայրը և Ես» թեմայի վերաբերյալ «Սառույցկոտրուկ» վարժանքով, որի միջոցով ուսանողները վերհանեցին սեփական պատկերացումները շրջակա միջավայրի, դրա պահպանության կարևորության և առկա խնդիրների մասին։

ՌՎԻ փորձագետ, քաղ․ գիտ․ թեկնածու Մերի Մարգարյանը ներկայացրեց շրջակա միջավայրի կառավարման միջազգային հիմքերը: Անդրադարձ կատարեց Օրհուսի, Էսպոյի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիաներին, ինչպես նաև Փարիզյան համաձայնագրին՝ շեշտադրելով երիտասարդների ներգրավվածության հնարավորությունները COP17-ի համատեքստում:

ՎՊՀ դասախոս, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, «Եվրասիա» միջազգային համալսարանի հայցորդ, ՀՀ նոր Սահմանադրության բարեփոխումների խորհրդի անդամ Կարեն Թումանյանը խոսեց ՀՀ նոր սահմանադրությամբ նախատեսվող բնապահպանական կարգավորումների և պետական քաղաքականության մեջ երիտասարդների դերի մասին:

«Երիտասարդների մասնակցությունը շրջակա միջավայրի կառավարման և որոշումների կայացման գործընթացներում՝ ՀՀ երիտասարդության պետական քաղաքականության շրջանակում» թեմայով տեղի ունեցավ բաց քննարկում, որից հետո  մտագրոհի և հարցուպատասխանի  միջոցով ամփոփվեցին դասընթացի արդյունքները։



Previous Article
Next Article