Պիլոտային հանդիպում ՎՊՀ-ում Էրազմուս+ ծրագրի ՀԳ2 ԿԶԲԿ DeSIRe նախագծի շրջանակում

2026 թվականի մայիսի 9-ին Վանաձորի պետական համալսարանում Էրազմուս+ ծրագրի` ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի շրջանակում իրականացվեց փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների պիլոտային փորձարկման և դիտարկման գործընթաց։

Հանդիպմանը մասնակցեցին եվրոպական գործընկեր հաստատությունների փորձագետներ Ջերարդ Քալենը և Աննա Կրուզենշտերնը, ովքեր այցելել էին ՎՊՀ՝ գնահատելու մշակված կրթական նյութերի իրականացումը, արդյունավետությունն ու որակը։

Պիլոտային գործընթացի ընթացքում ներկայացվեցին և փորձարկվեցին հետևյալ զանգվածային բաց առցանց դասընթացերը (MOOC) և մոդուլները․

• MOOC 1 – Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ
• MOOC 5 – Հուզական և սոցիալական ինտելեկտ
• Մոդուլ 4 – Առաջնահերթությունների սահմանման և որոշումների կայացման հմտություններ
• Մոդուլ 5 – Ստեղծարար մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ

Փորձագետները բարձր գնահատեցին ներկայացված դասընթացների որակը, կառուցվածքը և նորարարական մոտեցումները՝ ընդգծելով դրանց համապատասխանությունը ժամանակակից ուսանողակենտրոն և կարողունակահեն կրթական սկզբունքներին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների ակտիվ ներգրավվածությանը, համագործակցային ուսուցման կազմակերպմանը, հաղորդակցական և հուզական հմտությունների զարգացմանը, քննադատական մտածողության խթանմանը, ինչպես նաև ինտերակտիվ դասավանդման մեթոդների արդյունավետ կիրառմանը։ Դիտորդները կարևորեցին նաև թվային և մուլտիմեդիայի գործիքների արդյունավետ ինտեգրումը և դասընթացների գործնական ուղղվածությունը։

Փորձագետների գնահատմամբ՝ MOOC-երն ու մոդուլներն ունեն շարունակական կրթության և ապագա միկրո-որակավորումների զարգացման կարևոր ներուժ։ Միաժամանակ ներկայացվեցին մի շարք կառուցողական առաջարկություններ՝ հաղորդակցման մեխանիզմների, տեսական հենքի և հետադարձ կապի համակարգերի հետագա կատարելագործման նպատակով։

Ընդհանուր առմամբ, Վանաձորի պետական համալսարանում իրականացված պիլոտային և դիտարկման գործընթացը գնահատվեց որպես արդյունավետ և հաջողված նախաձեռնություն, որը կարևոր ներդրում է ժամանակակից կրթական նորարարությունների և փափուկ հմտությունների զարգացման գործում։



Previous Article
Next Article